Նախօրոք հանդիպման վայր էր որոշվել Ե. Չարենցի սրահը, որն էլ մեկ օր առաջ փոխարինվեց Կենտրոնական մասնաշենքի մեծ դահլիճով` իրարանցումից խուսափելու նպատակով: Սակայն չստացվեց: Նշանակված ժամից քսան րոպե առաջ դահլիճն արդեն լիքն էր:
Բացման խոսքում աշխարհահռչակ գրողին ողջունեց ԵՊՀ ռեկտոր, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը` Կոելյոյի հետ հանդիպումը համարելով համալսարանի մշակութային կյանքի կարեւոր իրադարձություններից մեկը:
Ելույթ ունեցան նաեւ Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոս» վեպի արեւմտահայերեն ու արեւելահայերեն թարգմանությունների հեղինակներ Խաչիկ Մուրադյանն ու Արտակ Վարդազարյանը, ինչպես նաեւ ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Էդոյանը: Սակայն հանդիսատեսն ուզում էր րոպե առաջ լսել հենց իրեն` գրողին: Վերջինս իրեն հատկացված ժամանակը որոշեց անցկացնել հարց ու պատասխանի ձեւաչափով:
«Ես եկել եմ Հայաստան, որովհետեւ դուք պատկանում եք իմ երեւակայությանը,- իր ելույթի սկզբում նշեց Կոելյոն,- ես սփյուռքում բազմաթիվ հայերի եմ հանդիպել, որոնք պատմել են ձեր երկրի գեղեցկության մասին: Ես ցանկացա իրապես զգալ Հայաստանը եւ ոչ թե ճանաչել այն միայն սփյուռքահայերի պատմածներով»:
Հարց տալ ցանկանում էին շատերը, սակայն Կոելյոն բեմ հրավիրեց նրանցից տասին: Հարցերից մեկի միջոցով էլ պարզ դարձավ, որ հանրահայտ գրողը Հայաստանում Եղեռնի հուշահամալիրից բացի ոչ մի այլ հուշարձան կամ տեսարժան վայր չի տեսել:
«Նրանք ինձ ուզում էին տանել, ես չուզեցի,- ասում է բրազիլացի գրողը,- ես ավելի շատ ուզում էի մարդկանց հետ շփվել, գնալ շուկաներ ռեստորաններ, կարաոկե բարեր»: Ըստ գրողի իր նոր գիրքը նման է մյուսներին: Դա էլ է ինքնահաստատման ու ինքնաճանաչման մի փորձ: «Յուրաքանչյուրն ասելիք ունի,- ասում է Կոելյոն,- ուստի աշխարհում յուրաքանչյուր անձ ունի գիրք, որ պետք է գրի»: