Սա զարգացած Հայաստան ձեւավորելու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայեցակարգն է: Նա մասնակցում էր ապրիլի 11-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացած բանկային եւ ֆինանսական ոլորտի աշխատանքային առաջին տոնավաճառին: Այն կազմակերպել էին ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնը եւ ԵՊՀ շրջանավարտների միավորումը:
Աշխատանքային տոնավաճառի նպատակն էր լուծել ԵՊՀ ուսանողների եւ շրջանավարտների զբաղվածության խնդիրները, օգնել նրանց աշխատանքային շուկայում կողմնորոշվելու գործում, ապահովել գործատու-շրջանավարտ եւ ուսանող կապը: ՀՀ նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարեւորեց գիտելիքի վրա հիմնված տնտեսության անհրաժեշտությունը. «ՀՀ կենտրոնական բանկն իր ռազմավարական գործընկերներ է համարում ԵՊՏՀ-ին եւ ԵՊՀ-ին. տարիների փորձը ցույց է տվել, որ տասնյակ բուհերից միայն այս բուհերի «արտադրանքն» է մեզ մոտ քննություն բռնում»:
Վարչապետն առաջարկեց Հայաստանի կրթական ոլորտի երկու մոդել. մեկն այն է, որ մեր բուհերը շուկայի համար պատրաստում են մասնագետներ: Շրջանավարտները դիպլոմ են ստանում եւ աշխատանքային շուկայում աշխատանք են որոնում: Աշխատանքային շուկայում հանդիպում են առաջարկը եւ պահանջարկը, եւ արդեն գործում են տարբեր չափանիշներ` բուհի հեղինակությունը, պատրաստած կադրերի որակը, ինչը, համաձայն գործադիր իշխանության ղեկավարի, շատ կարեւոր է մրցակցային տնտեսություն ձեւավորելու համար: Իսկ երկրորդ մոտեցումը հետեւյալն է. «Աշխատատեղերի պահանջարկ ներկայացնող սուբյեկտներն ամենասկզբից մասնակցում են տաղանդավոր երիտասարդների ընտրությանը, հետեւում են նրանց ուսուցման ամբողջ գործընթացին, մասամբ վճարում են ուսման համար, կազմակերպում են այս ուսանողների պրակտիկան իրենց մոտ, եւ արդեն դիպլոմ ստացած շրջանավարտը գիտի, թե որտեղ է աշխատելու ավարտելուց հետո»:
ԵՊՀ պրոռեկտոր, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախագահ Արսեն Քարամյանը տոնավաճառի մասնակիցներին դիմել էր ուղերձով. «Միջոցառման ընթացքում կազմակերպվելու են նաեւ ոլորտի արդի խնդիրներին եւ կրթական համակարգի մարտահրավերներին նվիրված թեմատիկ քննարկումներ: Երիտասարդների մասնակցությունը դրանց խթանում է նրանց մոտիվացիան եւ բարձրացնում պատասխանատվությունը: Թեմատիկ քննարկումներից մեկը նվիրված է նպատակային հիպոթեկային վարկային ծրագրերին. խնդիր, որը երիտասարդների համար բավականին արդիական է: Այս ուղղությամբ մենք նախաձեռնել ենք «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագիրը եւ կարեւորում ենք այս հարցի խորքային քննարկումների կազմակերպումը»:
Ի դեպ, բացի տոնավաճառի բուն գործառույթից, կազմակերպիչները հարկ են համարել անցկացնել թեմատիկ քննարկումներ, որոնք կօգնեն ուսանողներին ավելի լավ պատկերացնել արդի ֆինանսական դաշտը եւ համակարգը: Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արթուր Պողոսյանը նշեց, որ աշխատանքային նման տոնավաճառը մի շատ կարեւոր, կենսական հարց է լուծում` երիտասարդների զբաղվածության խնդիրը: Այս դրույթը գերակայում է նախարարության կողմից մշակված երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության մեջ:
«Զբաղվածության խնդրի լուծման համար պետք է երեք մասնակից կողմ լինի` բուհական համակարգը` որպես կրթություն արտադրող, երիտասարդությունը` որպես կրթություն ստացող, գործատուն` որպես այդ կրթությունը սպառող»,- ասաց փոխնախարարը: ՈՒսանողները բանկային եւ ֆինանսական ոլորտի աշխատանքային տո-նավաճառը հետաքրքիր ու օգտակար են համարում` վստահ լինելով, որ դրա արդյունքում կկարողանան աշխատանք գտնել: Բայց նրանց մտահոգում է պահանջների մի քանի կետեր, որոնցից ամենատարածվածն անգլերենի իմացությունն է: Առանց այդ հմտության այսօր աշխատաշուկայում մրցունակ համարվել չես կարող: ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող Վարուժան Կյուրեղյանը տարիներ շարունակ գերմաներեն է ուսումնասիրել, սակայն հիմա ստիպված է անգլերեն սովորել, քանի որ գերմաներենի իմացությունը չի օգնում, անգամ խանգարում է աշխատանքի տեղավորման հարցում:
«ՎՏԲ-Հայաստան» բանկի անձնակազմի կառավարման վարչության պետ Շուշան Առաքելյանը նշում է, որ իրենց մոտ աշխատանքի անցնելու համար պարտադիր է հայերենի եւ ռուսերենի իմացությունը, իսկ անգլերենինը միայն ցանկալի է: Վարուժան Կյուրեղյանն իր առավելությունն է համարում աշխատանքային փորձը. նա աշխատել է հաշվապահական մի կազմակերպությունում, իսկ հիմա առանց փորձի ոչ մի տեղ չեն ընդունում: Նույնն է պնդում նաեւ Աննա Գեւորգյանը, ով վստահ է, որ այս ոլորտում աշխատելու համար պետք է սկսել զրոյից. ոչ մի տեղ քեզ պատասխանատու աշխատանք չեն վստահի, քանի որ ընդամենը ուսանող ես: Այդ հանգամանքը հաշվի առնելով` «ՎՏԲ-Հայաստան» բանկն իր պոտենցիալ աշխատողների համար հատուկ դասընթացներ է կազմակերպում, նրանց նախապատրաստում առաջիկա աշխատանքին: Շուշան Առաքելյանը նշեց, որ իրենց բանկը երիտասարդների մեծ պահանջարկ ունի` հատկապես սպասարկման ոլորտում եւ հարկային բաժնում աշխատելու համար: Իրենց հիմնական պահանջն ուսանողի կամ շրջանավարտի աշխատելու ցանկությունն է: Համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի` նման միջոցառումները պետք է շարունակական լինեն. «Երեք կարեւոր բան եմ տեսնում այս միջոցառման մեջ` հավակնություն, նախաձեռնություն, հետեւողականություն, ինչը ցանկացած գործի հաջողության գրավականն է»: