Մայիսի 24-ին «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագրի շահառուների միջեւ անցկացվեց բնակարանների բաշխման առաջին փուլի վիճակահանությունը: Իսկ հունիսի 21-ին կայացավ վիճակահանության վերջին` 5-րդ փուլը:
«Այս մոտեցման արդյունքում ոչ բոլորը բավարարված կլինեն, բայց հավատացե°ք, որ սա լավագույն ճանապարհն է` արդար, թափանցիկ աշխատելու համար»,- ասում է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախագահ, պրոռեկտոր Արսեն Քարամյանը:
Վիճակահանության առաջին փուլին մասնակցում էին 92 շահառուներ, որոնցից 88-ն էին ներկայացել: Վիճակահանությամբ որոշվեց յուրաքանչյուր շահառուի հավակնած բնակարանը (վիճակատոմսերում բնակարանի նկարագրությունը ներառում է բնակարանի մակերեսը, սենյակների թիվը, շենքի մուտքը, հարկը, բնակարանի պայմանական համարը): Ըստ սենյակների քանակի եւ մակերեսի նախընտրության` շահառուները բաժանվել էին համապատասխան ենթախմբերի:
Վիճակահանությունն իրականացվում էր յուրաքանչյուր ենթախմբում ներառված շահառուների միջեւ: Վիճակահանության առաջին օրը կար 7 ենթախումբ: Կազմվում էր վիճակահանության հանձնաժողով, որի նախագահը ծրագրի համակարգող Քրիստինե Վարդանյանն էր, իսկ քարտուղարը` ծրագրի իրավախորհրդատու Արմեն Թադեւոսյանը:
Մյուս հինգ անդամներին շահառուներն ընտրում էին իրենց կազմից: Ընդհանուր առմամբ համալսարանականները գոհ էին վիճակահանության կարգից: «Վիճակահանությունն անցավ բոլորիս աչքի առաջ` բաց եւ թափանցիկ: Մենք ինքներս որոշեցինք մեր ճակատագիրը եւ մեր վիճակահանության համար պատասխանատու ենք միայն մենք»,- ասում է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դասախոս Սուրեն Բզնունին: Մայիսի 27-ին կայացած վիճակահանությանը մասնակցեցին 34 շահառուներ, ովքեր, ըստ սենյակների քանակի եւ մակերեսի նախընտրության, բաժանվել էին 8 ենթախմբերի: Նույն պատկերն էր նաեւ մայիսի 31-ին տեղի ունեցած վիճակահանության ժամանակ, սակայն այդ օրը մասնակիցների թիվն արդեն 35 էր:
Հունիսի 4-ին անցկացվեց վիճակահանության հերթական փուլը, որին մասնակցում էր «սպասողների» խումբը: Ինչպես եւ նախորդ վիճակահանություններին, այս անգամ եւս ներկա էր ճարտարապետ Դավիթ Միրզոյանը, ով պրոռեկտոր Արսեն Քարամյանի հետ պատասխանում էր հայտատուների բազմաթիվ հարցերին: Բնակելի շենքի շահառուները վիճակահանության ամբողջ ընթացքում հնարավորություն ունեին հետեւելու եւ վերահսկելու վիճակահանության գործընթացը, ինչը բավականին բարձր գնահատվեց եւ դրական արձագանք ստացավ ներկաների կողմից:
«Թափանցիկությունն ապահովված է, նույնիսկ ցանկության դեպքում որեւէ բան չի կարելի ձեռնարկել, քանի որ ամեն ինչ մարդկանց աչքի առաջ է կատարվում: Հրաշալի նախաձեռնություն է, նման ծրագիր որեւէ բուհի կամ կառույցների կողմից չի նախաձեռնվել: Կարծում եմ` նման հնարավորություն երիտասարդ դասախոսներին եւ գիտնականներին երբեւէ չի տրվել: Իհարկե, դժվարություններ կլինեն, բայց եթե ուզում ենք Երեւանում նման բնակարան ձեռք բերել, ապա պետք է հաղթահարենք այդ դժվարությունները»,- ասում է Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Դավիթ Ալավերդյանը: