Սկսվել է պայմանագրերի կնքումը

Շահառուների կողմից պայմանագրերի ստորագրումից, ինչպես նաեւ նոտարի վավերացումից հետո պայմանագրերը կստանան օրինական ուժ:

Այսօր Երեւանի «Կենտրոն» նոտարական գրասենյակում նոտար Աշխեն Հարությունյանի միջոցով սկսվեց «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարաշինությանը» ծրագրի շրջանակներում ձեռք բերվելիք բնակարանների նախնական պայմանագրերի կնքումն ու նոտարական վավերացումը:

«Զարմանալիորեն ամեն ինչ շատ հեշտացված էր: Առանց ինչ-որ քաշքշուկների կատարվեցին բոլոր գործարքները: Այսօր հնարավորություն ունենք շուկայականից շատ ցածր գներով ձեռք բերել բնակարան, որը շատ է անհրաժեշտ երիտասարդ դասախոսներին»,- նոտարական վավերացումից անմիջապես հետո նշեց կիրառական հոգեբանության ամբիոնի դասախոս Արթուր Կոբելյանը:

Իրավագիտության ֆակուլտետի դասախոս Վահե Ենգիբարյանը նույնպես գոհ էր աշխատանքների կազմակերպումից: Նա նկատեց. «սկզբում չէի հավատում, որ այսքան կարճ ժամանակահատվածում ամեն ինչ կլինի: Ամեն ինչ շատ օբյեկտիվ էր: Մնում է կյանքի կոչվի»:

Հուլիսի 4-ին ընդամենը 20 շահառու կնքեց նախնական պայմանագիր: Առաջիկա շաբաթվա ընթացքում նախատեսվում է ավարտել պայմանագրերի կնքումն ու նոտարական վավերացումը:

«Ես հինգ-վեց տարի վարձով եմ բնակվել եւ միշտ հավատացել եմ, որ այս ծրագիրը լավն է լինելու: Հիմքը շատ ճիշտ է դրված, իհարկե կլինեն որոշակի խնդիրներ, բայց դրանք չպետք է ստվերեն ամբողջ գործընթացը: Ես հավատում եմ, որ ամեն ինչ նորմալ է լինելու»,- ասաց Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Նանե Վարդանյանը: