Հիմնարկեքի պաշտոնական արարողությունը

Բազմաբնակարան համալիրի շինարարական աշխատանքներն արդեն սկսված են:

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Աջակցություն երիտասարդ համալսարանակնների բնակարանաշինությանը» ծրագրի շրջանակներում կառուցվող համալիրի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը:

Միջոցառմանը մասնակցում էին նաեւ քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախագահ Արսեն Քարամյանը: Բարձրաստիճան հյուրերից բացի, ներկա էին նաեւ շուրջ 200-ից ավելի շահառուներ:

«Ընդհանուր առմամբ բավականին գոհ ենք, քանի որ ներկա պահին շուկայում գործող գների համեմատ քառակուսի մետրի դիմաց մեզ առաջարկված գինը ցածր է, իսկ առաջարկված պայմանները` բավականին հարմար:Բնակարանը գործնականում լրիվ պատրաստ է լինելու ապրելու համար: Միակ դժգոհությունը վճարումների հետ է կապված, քանի որ տոկոսադրույքները մեր սպասվածից բարձր էին: Եվ մնում է` շենքը ժամանակին հանձնվի շահագործման, եւ նշված պայմաններն ապահովվեն: Ընդհանրապես, սա մեծ օգնություն կլինի երիտասարդ համալսարանականներին: Սակայն, ամեն դեպքում, վճարումների հարցն առաջնային է մնում»,- ասում է Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դասախոս Գայանե Գայամյանը:

«Անչափ գոհ ենք ծրագրից: Եթե այս ընթացքով էլ շարունակվի, այսինքն` բոլոր խոստումներն իրականանան, ամեն ինչ հրաշալի կլինի: Իհարկե մի քիչ բանկային տոկոսադրույքներն են բարձր, բայց դա, կարծում ենք, կախված չէ մեր ղեկավարությունից կամ ծրագրի նախաձեռնողներից: Հույս ունենանք, որ կկարողանանք մի կերպ հաղթահարել այդ դժվարությունը»,- ասում է ԵՊՀ գիտական գրադարանի աշխատակցուհի Հասմիկ Հայրապետյանը:

Միավորման նախագահ Արսեն Քարամյանը ողջունեց ներկաներին եւ բոլոր շահառուների կողմից շնորհակալական խոսք ուղղեց ծրագրի աջակիցներին. «Մեկ տարի առաջ մեկնարկած ծրագիրը, որը հստակ նպատակ ուներ աջակցելու համալսարանականների բնակարանաշինությանը, այսօր մտնում է որակական նոր փուլ: Այսօր տրվում է շինարարական փուլի մեկնարկը: Իր սոցիալական հստակ ուղղվածությամբ այս ծրագիրը բացառիկ է: Այս ամենն իրականացվում է բացառապես ԵՊՀ-ի եւ մեր միավորման խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի գործուն աջակցությամբ եւ բարոյական սատարմամբ: Շնորհակալ ենք ծրագրին իրենց աջակցությունը ցուցաբերած ՀՀ կառավարությանը, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին, Կադաստրի պետական կոմիտեին: Շնորհակալական խոսքս եմ ուղղում նաեւ բնակելի համալիրի ճարտարապետ Դավիթ Միրզոյանին եւ շինարարական աշխատանքները ստանձնած «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ին` ի դեմս Վահե Յակուբյանի: Մեր նախաձեռնությունը բյուրեղացել եւ ամրացել է ի շնորհիվ մեր ծրագրում ընդգրկված շուրջ 500 շահառու-հայտատուների, եթե այս պահին ավելի հստակ ասելու լինեմ` 261 համալսարանական բնակարանատերերի կառուցողական առաջարկներով, մտահոգություններով, ցանկություններով եւ, ի վերջո, նաեւ մեր մեկամյա համատեղ աշխատանքով: Ես ուզում եմ այսօրը համարել մեր բոլորի համատեղ աշխատանքի արդյունքը»: Այնուհետեւ Արսեն Քարամյանն ընթերցեց այն ուղերձը, որը քաղաքապետ Երվանդ Զախարյանի եւ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի օգնությամբ տեղադրվեց համալիրի հիմքում: