Այդ օրը մայրաքաղաքի Ավան վարչական տարածքի Ծարավ Աղբյուր փողոցի 55/5 հասցեում շինարարական մեծ եռուզեռ էր: Այս հանգամանքն արտասովոր չէր լինի, եթե շինհրապարակում չլինեին նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: «Ես կառուցում եմ իմ տունը, իմ երկիրը…» խորագիրը կրող ակցիային մասնակցում էին բնակարանների ապագա սեփականատերերը:
«Սա այսպիսի մասսայական աշխատանքի առաջին փուլն է, երբ շահառուներն իրենք էլ են մասնակցում իրենց բնակարանների կառուցման աշխատանքներին, իսկ երկրորդ փուլը լինելու է, երբ շենքն արդեն պատրաստ կլինի: Շահագործումից առաջ մենք ծառատունկ կկազմակերպենք. յուրաքանչյուր ընտանիք շրջակայքում իր ծառն է տնկելու և խնամելու»,- ասաց ԵՊՀ «Շրջանավարտների միության« նախագահ Արսեն Քարամյանը:
«Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագիրը մեկնարկել է 2007 թվականից. նպատակը համալսարանականներին էլիտար շենքերի առաջադրած պայմաններին բավարարող և շուկայական գներից զգալիորեն էժան բնակարաններ ձեռք բերելու հնարավորություն ընձեռելն է: Այս ծրագիրը գործում է հանրապետության նախագահ, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո:
315 շահառուների համար նախատեսված բազմաբնակարան շենքը կունենա 9 բնակելի, 1 հասարակական սպասարկման հարկ, 214 մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի: Նախատեսվում է, որ թաղամասում նաեւ մանկապարտեզ է գործելու: Բացի այդ, այժմ կառուցվում է նոր ենթակայան` էլեկտրական հոսանք մատակարարելու համար, բարեկարգվելու է շենքի հարակից ողջ տարածքը: Շահառուներն էլ իրենց հերթին նախագահին առաջարկեցին փողոցը վերանվանել «Համալսարանականների» փողոց: Շինարարական աշխատանքներն իրականացնող «Գլենդել Հիլզ» ընկերությունը վստահեցնում է, որ աշխատանքները կավարտվեն ճիշտ ժամանակին: Բազմաբնակարանային համալիրը շահագործման կհանձնվի 2010 թվականի օգոստոսի 1-ին`բնակվելու համար լիովին պատրաստ վիճակում: