«ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության և «Արցախբանկ» ՓԲԸ-ի միջև կայացած երկարատև բանակցությունների արդյունքում «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագրի շրջանակում կառուցվող բազմաբնակարան շենքի ապագա բնակիչներին շահեկան պայմաններով հիփոթեքային վարկավորում ստանալու հնարավորություն է ընձեռվելու: Այս մասին հոկտեմբերի 31-ին կայացած հանդիպման ժամանակ ծրագրի շահառուներին տեղեկացրեց «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախագահ, ՀՀ սպորտի եւ եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը: «Արցախբանկ» ՓԲԸ-ի կողմից համալսարանականներին տրամադրվող վարկային գիծը գործելու է մինչև 2009թ. դեկտեմբերի 31-ը և կրելու է մեկանգամյա բնույթ:
Հիփոթեքային վարկը տրամադրվելու է 10 տարի մարման ժամկետով 12 տոկոս տարեկան տոկոսադրույքով, անուիտետային մարման կարգով: Բանկի կողմից որպես գրավի առարկա ընդունվելու է Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/5 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքում շահառուի կողմից ձեռք բերվող բնակարանը, իսկ վարկավորումը տրամադրվելու է բնակարանի արժեքի չվճարված ամբողջ գումարի մասով: Հիփոթեքային վարկավորումից օգտվելու համար ծրագրի շահառուները (անկախ բնակարանի արժեքի որ փուլի վճարումներն են կատարել) պետք է մինչև 2009թ. նոյեմբերի 15-ը լրացնեն տվյալների հայտը և այն ներկայացնեն «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ:
Վարկավորման պայմաններին ծանոթացնելուց հետո շահառուները հարցեր տալու հնրավորություն ստացան: Մասնակիցների հնչեցրած հարցերը խոսում էին այն մասին, որ շահառուների բացարձակ մեծամասնությունը պատրաստ էր անմիջապես «ստորագրել» պայմանների տակ. նրանք ճշգրտում էին նախատեսվող պայմանագրի մանրամասներն ու տեխնիկական կողմը: «Հրաշալի նորություն է: Վարկ վճարող ընտանիքի համար ֆինանսական ցանկացած չափի խնայողությունն էլ մեծ նշանակություն ունի: Անպայման կդիմենք վարկի համար»,- ասաց երիտասարդ շահառու Լիլիթ Հակոբյանը: «Մենք բանակցել ենք մի շարք բանկերի հետ եւ միանշանակ կարելի է ասել, որ, ըստ էության սա իսկապես բացառիկ առաջարկ է: Հայաստանյան բանկային շուկայում այսօր ոչ մի բանկ չի առաջարկում տոկոսադրույքի եւ ժամկետների նման համադրություն, եւ միաժամանակ որպես գրավ ընդունում դեռեւս կառուցման փուլում գտնվող բնակարանը»,- նշեց ծրագրի իրավաբան Արմեն Թադեւոսյանը: Դիմում-հայտերին կարող եք ծանոթանալ կայքի «Բնակարանաշինություն» բաժնի համապատասխան նորությունից: