Բնակարաններն արդեն պատրաստ են

Երիտասարդ համալսարանականները շատ շուտով կտոնեն իրենց նորամուտը:

Երեկ հերթական անգամ ԵՊՀ մեծ դահլիճում հավաքվել էին «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագրի շահառուները:

«ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ Արսեն Քարամյանը նրանց ներկայացրեց վերջին մի քանի ամսվա ընթացքում կատարված աշխատանքները եւ նշեց, թե երբ են նրանք ստանալու բնակարանների բանալիները: Նա պատասխանեց շահառուներին հուզող հարցերին, միասին քննարկեցին նաեւ կազմակերպական որոշ խնդիրներ:

Նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում Ծարավ աղբյուրի 55/5 հասցեն կբնակեցվի համալսարանականներով: «Իսկ շինարարական աշխատանքների փոքր-ինչ ձգձգվելը կապված է միայն որակի ապահովման հետ»,- հավաստիացնում է Արսեն Քարամյանը:

Նշենք, որ արդեն Երեւանի քաղաքապետարանի հետ համաձայնություն կա, որ փողոցը վերանվանվելու է Համալսարանականների փողոց: Արդեն կատարվում են գազիֆիկացման եւ հեռախոսագծերի մոնտաժման աշխատանքները: Ներքին հարդարման աշխատանքները մասամբ ավարտված են:

Պարոն Քարամյանը տեղեկացրեց նաեւ, որ շենքի բակում շատրվան է տեղադրվելու, քիչ այն կողմ կառուցվելու է խաղահրապարակ: Համալսարանականները կօգտվեն նաեւ ժամանակակից սարքավորումներով հագեցած ստորգետնյա ավտոկայանատեղից: Շենքի հանձնման օրը բակում տոնախմբություն կլինի, որին կմասնակցի նաեւ երկրի նախագահ, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: