Լրագրողական շրջայց-հանդիպում շահառուների հետ

Լրագրողական շրջայց-հանդիպում շահառուների հետ

Այսօր ԵՊՀ-ի երիտասարդ դասախոսների և գիտաշխատողների համար կառուցված բազմաբնակարան համալիրում լրագրողների համար կազմակերպվել էր շրջայց:

Բնակարանամուտին ընդառաջ լրատվամիջոցների ներկայացուցիչները շրջեցին Երևանի Ավան վարչական շրջանի Ծարավ աղբյուր 55/5 հասցեում կառուցված բազմաբնակարան համալիրում: Բացառապես սոցիալական նշանակություն ունեցող համալիրը կառուցվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո իրագործված «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագրի շրջանակներում:

Լրագրողները ծանոթացան կատարված աշխատանքների որակին, եղան բնակարաններում, զրուցեցին շահառուների հետ, տեղեկացան միավորման ապագա ծրագրերի մասին:

«ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՀ նախագահի առաջարկով այս ծրագիրը ստացել է շարունակական ընթացք. նորակառույցի հարեւանությամբ վեր է խոյանում համաբուհական համալիրը, Երեւանում կառուցվում է նաեւ երիտասարդ գիտնականների ու ստեղծագործական միությունների անդամների համար բնակարանային համալիր, բնակարաններ են կառուցվելու նաև մարզերի երիտասարդ ընտանիքների համար, մասնավորապես` Կապան, Իջևան և Դիլիջան քաղաքներում կառուցվելու են բազմաբնակարան շենքեր:

«Այս ծրագիրն աննախադեպ է, քանի որ Հայաստանի նորանկախ պատմության մեջ առաջին անգամ է, որ բնակֆոնդ է կառուցվում մարզերի երիտասարդ ընտանիքների համար: 2012 թ. դեկտեմբերից մինչև 2013 թ. փետրվար ամիսների ընթացքում մենք շահագործման ենք հանձնելու 1050 սոցիալական նշանակության բնակարան, ընդ որում, բոլոր բնակարանները վերանորոգված են հանձնվելու շահառուններին»,- հավելեց պարոն Քարամյանը:

Իսկ ահա արդեն այս տարվա վերջին երիտասարդ համալսարանականներին բնակարանները կհանձնվեն կապիտալ վերանորոգված, բոլոր կոմունալ հարմարություններով, ներբնակարանային գազիֆիկացմամբ, հեռախոսային եւ հեռուստատեսային մալուխներն անցկացված, գեղեցիկ խաղահրապարակով եւ հանգստյան գոտիով: Բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիրն ունի 315 բնակարան: Շենքի առաջին հարկը նախատեսված է հասարակական սպասարկման համար (խանութներ, ցուցասրահներ, գրասենյակային, կենցաղ-սպասարկման և այլ տարածքներ): Բազմաբնակարան շենքը մոնոլիտ-երկաթբետոնյա կառույց է, բազալտի և ֆելզիտի արտաքին երեսպատմամբ: Այն ունի 9 բնակելի հարկ, յուրաքանչյուր հարկում 5 բնակարան, երկու վերելակ: Շենքն ունի ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ ստորգետնյա ավտոկայանատեղ նախատեսված 214 ավտոմեքենաների կայանման համար:

Լրագրողական շրջայցից հետո միավորման նախագահը հանդիպեց նաեւ շահառուներ հետ: Արսեն Քարամյանը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 27-ին կնքվելու է շահագործման ակտը եւ դեկտեմբերի 29-ին բոլոր շահառուները ծանուցվելու են կառուցապատման ավարտի մասին, սկսվելու է փաստաթղթային ձեւակերպումների վերջին փուլը: Իսկ հունվարի վերջին տասնօրյակում տեղի է ունենալու բնակարանամուտի հանդիսավոր արարողությունը: Շահառուների հետ հանդիպմանը միավորման նախագահը տեղեկացրեց, որ գրեթե ավարտվել են ներբնակարանային գազիֆիկացման աշխատանքները, այսօր միացվելու է ջրամատակարարումը, իսկ ջրաչափերը նույնպես տեղադրվելու են միավորման կողմից: Այսօր տեղի ունեցավ նաեւ հիմնադիր ժողով, որի ժամանակ ձեւավորվեց համատիրություն: