Ուշադրություն

2011թ. հունվարի 24-ից մեկնարկելու են բնակարանների հանձնման-ընդունման աշխատանքները:

2011թ. հունվարի 24–ից մեկարկելու են ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից իրականացված «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Ծարավ աղբյուրի 55/5 հասցեում կառուցված բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքի բնակարանների փաստացի հանձնման-ընդունման աշխատանքները: Նշված աշխատանքների պատշաճ կազմակերպման նպատակով 2011թ. հունվարի 24–ից` ժամը 10.00-18.00-ն ընկած ժամանակահատվածում, ծրագրի շահառուներին հնարավորություն է ընձեռվում ազատորեն մուտք գործել բազմաբնակարան շենքային համալիր, այցելել իրենց բնակարաններ, մանրամասն ծանոթանալ կատարված աշխատանքների որակին, հնարավոր թերությունների բացահայտման դեպքում արձանագրել և հանձնել շինարարական կազմակերպության ներկայացուցչին (մեկ օրինակը պահելով իր մոտ)` տեղեկանալով նշված թերությունների պատշաճ վերացման ողջամիտ ժամկետներին:

Շահառուի անմիջական հսկողության ներքո «Գլենդել Հիլզ» ընկերության մասնագետների կողմից թերությունները վերացվելուց հետո, շահառուն անձամբ հավաստիանալով այդ մասին, «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի հետ ստորագրելու է որակի համապատասխանության վերաբերյալ արձանագրություն: Այս գործընթացի ավարտից հետո է միայն միավորման կողմից կատարվելու «Գլենդել Հիլզ» ընկերությունից շենքային համալիրի ամբողջական ընդունումը: Նշված աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով միավորման կողմից շինարակական կազմակերպությանը կտրամադրվեն շահառուների կոնտակտային տվյալները, որպեսզի կազմակերպությունը կարողանա յուրաքանչյուր շահառուի հետ անհատապես աշխատել:

Շինարարական կազմակերպության կողմից թերությունների վերացումը ձգձգելու կամ բարձրացված խնդիրներին ոչ համարժեք արձագանքելու դեպքերում խնդրում ենք անհապաղ գրավոր դիմել ԵՊՀ շրջանավարտների միավորման նախագահին` անպայմանորեն նշելով խնդրի մանրամասները: Միավորումը միաժամանակ տեղեկացնում է, որ ներկայումս ավարտին են մոտենում անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից բազմաբնակարան շենքի փաստացի չափագրման աշխատանքները, որին անմիջապես կհաջորդի շահառուների հետ անշարժ գույքի առուվաճառքի հիմնական պայմանագրերի կնքումը:

ԵՊՀ շրջանավարտների միավորումը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, կրկին անգամ հավաստում է, որ բազմաբնակարան շենքի բնակարանները ծրագրի շահառուներին պետք է հանձնվեն բացարձակ անթերի վիճակում, ինչի նպատակով ակնկալում է շահառուների կառուցողական և ակտիվ մասնակցությունն այս գործընթացին: Իսկ շենքի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունն առայժմ հետաձգվում է և տեղի կունենա միայն այն ժամանակ երբ ծրագրի բոլոր շահառուները բավարարված կլինեն իրենց բնակարաններում «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից կատարված աշխատանքների որակական ցուցանիշներով: