Համալսարանական բնակարանամուտ

Համալսարանական բնակարանամուտ

Այսօր Ծարավ Աղբյուր 55/5 հասցեում իսկական տոն էր:

Իրենց բնակարանների պաշտոնական նորամուտն էին տոնում 315 ընտանիքներ: ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից իրականացված «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագրի շրջանակում կառուցված բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

«Մենք այսօր ունենք մեր սեփական տունն ու անկախությունը: Իսկ սեփականություն ունենալն անկախության եւ ազատության խորհրդանիշն է: Բայց հիմա ոչ միայն մենք ենք անկախ այլ նաեւ մեր երեխաները, այսինքն` նրանք ունեն իրենց ազատության հանգրվանը, օթեւանն ու ապագային նայող ճանապարհը: Եվ հրաշալին այն է, որ այդ ճանապարհը մեզ համար հարթել է այն հաստատությունը, որտեղ մենք աշխատում ենք: Արդեն 20 տարուց ավելի ես համալսարանում եմ` սովորել եմ եւ երկար տարիներ աշխատում եմ, եւ երջանիկ եմ, որ կարողացա այս բնակարանը ձեռք բերել իմ համալսարանական աշխատանքով»,- ասաց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության ամբիոնի դասախոս Նարինե Դիլբարյանը:

Վերջինս պատրաստվում է նավակատիքին ընդառաջ իրենց ընտանիքի բարեկամ սբ. Գայանե եկեղեցու հոգեւոր սպասավոր Տեր Գրիգորին հրավիրելու տնօրհնեքի, բացի դրանից, իր դստերը` Արփին է առաջինը մուտք գործելու նոր բնակարան, որպեսզի տունն արփիազօծվի: Դեռեւս 2008 թվականին «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության Հայաստանի Հանրապետության դեռ այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո առաջին անգամ նախաձեռնեց «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» բնակարանային ապահովության սոցիալական ծրագիրը, որի արժեքն է 6.5 մլրդ ՀՀ դրամ: «2008 թվականին, երբ նախաձեռնում էինք այս ծրագիրը որոշակի թերհավատություն կար եւ շատերն այն անիրական էին համարում: Այսօր երկուսուկես տարի անց այն իրականություն է, եւ խորհուրդներից մեկն էլ այն է, որ ոչ միայն երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարաններով ապահովեցինք, այլ նաեւ այն, որ հաղթանակեց հավատը»,- բացման իր խոսքում նշեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը:

Ըստ փոխնախարարի` երկիրը կառուցելու, երկիրը շենացնելու ամենակարեւոր գրավականը հավատն է, հավատ, աշխատանք եւ նվիրում, որի արդյունքում կարելի է հասնել հաջողության: Եվ, ըստ նրա, հենց այս ամենի շնորհիվ նույնիսկ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում իրենց հաջողվել է չնահանջել: Եվ այս ծրագիրը կարեւորվեց եւ առավել լայն տարածում գտավ այն առումով, որ այն շարունակություն ստացավ: «2013 թվականի փետրվարին մենք շահագործման կհանձնենք շուրջ 1050 նմանատիպ սոցիալական նշանակության բնակարաններ: Դեռեւս անցած տարի Կապան քաղաքում տեղի ունեցավ նմանօրինակ շենքի հիմնարկեքը, նախատեսվում է նաեւ Իջեւան եւ Դիլիջան քաղաքներում եւս սկսել կառուցման աշխատանքները»,- նշեց փոխնախարարը:

Միջոցառման ընթացքում Միավորման նախագահը երեքսենյականոց բնակարանի բանալիներ ու սեփականության վկայական նվիրեց համալսարանական զոհված ազատամարտիկ Վարդան Հովհաննիսյանի ընտանիքին: Իսկ ավելի ուշ` համերգային ծրագրի ավարտին, որին իրենց մասնակցությունն էին բերել ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանը, երգչուհի Ալլա Լեւոնյանը, «Արեւներ» համույթը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շրջեց բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիրում, այցելեց շահառուների բնակարաններ:

Հանրապետության ղեկավարին ներկայացվեց նաեւ «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի 2-րդ փուլի աշխատանքների ընթացքը: Մասնավորապես նշվել է, որ այսօր շահագործման հանձնված շենքային համալիրի հարևանությամբ կառուցվում է նոր բազմաբնակարան շենք, որը հնարավորություն կընձեռի Հայաստանի Հանրապետության մեկ տասնյակ պետական բուհերի երիտասարդ մասնագետներին` մատչելի պայմաններով ձեռք բերել բնակարաններ: Համաբուհական ծրագրի շրջանակում շենքի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2010թ. մայիսին: Այն շահագործման կհանձնվի 2012թ. նոյեմբերին:

Երկրորդ փուլի աշխատանքներն իրականացվում են` հաշվի առնելով երիտասարդ մասնագետների կողմից ծրագրի նկատմամբ ցուցաբերած մեծ հետաքրքրությունը, մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերելու նրանց ցանկությունը, նպատակ ունենալով նպաստել երիտասարդ գիտնականների սոցիալական և բնակարանային խնդիրների լուծմանը: Նախատեսվում է բազմաբնակարան շենքեր կառուցել նաև Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան քաղաքների երիտասարդ ընտանիքների համար: Առաջիկայում նախատեսվում է բնակարանային ապահովության սոցիալական ծրագրեր իրականացնել երիտասարդ բժիշկների, լրագրողների և միջազգային մրցաշարերում հաղթանակած ու Հայաստանի Հանրապետության մարզական պատիվը բարձր պահած երիտասարդ մարզիկների համար: