«Կոյո» ընկերության հրավերով մայիսի 31-ից հունիսի 10-ը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, ԵՊՀ շրջանավարտների միավորման նախագահ Արսեն Քարամյանի ղեկավարած պատվիրակությունը Չինաստանի ժողովրդական հանրապետությունում էր:
Այցի նպատակը չինական վերելակ արտադրող հայտնի ընկերության եւ ԵՊՀ շրջանավարների միավորման դուստր ընկերության` «Նյու Թեքն» ՍՊԸ-ի հետ համատեղ «Կոյո Արմենիա» ձեռնարկության եւ վերելակների գործարանի հիմնադրումն էր:
Այցի ընթացքում Միավորման նախագահ Արսեն Քարամյանը եղել է Շանհայ եւ Կունշան քաղաքներում, ուր տեղակայված են ընկերության գրասենյակն ու գործարանը, հանդիպումներ ունեցել «Կոյո» ընկերության փոխնախագահ Նանսի Ժանգի եւ գործադիր տնօրեն Յանգ Վանգի հետ:
Քննարկումների ընթացքում չինական ընկերության ներկայացուցիչներն իրենց հավանությունն ու գոհունակությունն են հայտնել առաջարկված ծրագրին եւ պայմանավորվել հանդիպել հոկտեմբերի երկրորդ կեսին ք. Սպիտակում ծրագրի մանրամասներին տեղում ծանոթանալու համար: Վերելակների գործարանի հիմնադրումը կարեւոր նշանակություն կարող է ունենալ Սպիտակ քաղաքի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը, մասնավորապես` նախատեսվում է շուրջ 120 աշխատատեղի բացում միջինը 130-160 հազար դրամ աշխատավարձով: «Կոյո»-ն ճապոնական կապիտալով Շանհայում հիմնադրված ընկերություն է, որը հիմնականում իր գործունեությունն է ծավալում ԱՊՀ շուկայում, մասնավորապես Ռուսաստանում, իսկ 2010 թվականին վաճառել է 50.000 միավոր վերելակ ու շարժասանդուղք: