Փետրվարի 1-ից մեկնարկել է «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/17 հասցեում կառուցվող բնակելի համալիրի շինարարական աշխատանքները:
Այժմ տեղի են ունենում հողային եւ հիմնակմախքի նախապատրաստման աշխատանքները: Մի քանի օր անց` փետրվարի 13-ին` ժամը 11.00-ին, տեղի կունենա երիտասարդ մասնագետների համար կառուցվող բնակարանային համալիրի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը: Այն իր ներկայությամբ կպատվի ՀՀ Նախագահ, ԵՊՀ շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Բնակելի համալիրը բաղկացած է լինելու 7 շենքից, ունենալու է երկու (82 քմ. մակերեսով), երեք (104-110 քմ. մակերեսով) և չորսսենյականոց (122 քմ. մակերեսով) բնակարաններ` 1 քմ.-ը` 207000 ՀՀ դրամ արժողությամբ: Բնակարանները շահառուներին հանձնվելու են ամբողջությամբ վերանորոգված վիճակում և պիտանի բնակության համար: Շինարարական աշխատանքներն ավարտվելու են 2015թ-ին:
Հ.Գ. Շրջանավարտների միավորման կայքի «Պատկերասրահ» բաժնի միջոցով պարբերաբար կարող եք հետեւել շինարարության ընթացքին: