Վիճակահանության արդյունքները

2013 թ-ի մարտի 21-ին Երեւանի պետական համալսարանի Մշակույթի կենտրոնի դահլիճում (ք. Երեւան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ) տեղի ունեցավ «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում կառուցվող բազմաբնակարան համալիրի բնակարանների բաշխման հրապարակային վիճակահանության հերթական փուլը:

Ժամը 16:00-ին մեկնարկեց երկու եւ չորս սենյականոց բնակարանների վիճակահանությունը. դրան մասնակցող շահառուները բախտի քմահաճույքով ընտրեցին իրենց ապագա բնակարանները:

Ծրագրի իրավախորհրդատու Արմեն Թադեւոսյանի հավաստմամբ` կառուցվող բազմաբնակարան համալիրի տարածքում արդեն մեծ թափով շինարարական աշխատանքներ են տարվում:

Շահառու Դավիթ Թինոյանի խոսքերով` իր ապագա բնակարանը ձեռք կբերի շուկայական գնից բավականին ցածր, ինչն էլ գոհացուցիչ տարբերակ է. «Առաջարկվող պայմաններն ու մատչելիությունը գրավիչ են: Ինձ համար միակ (բացասական չասեմ) ուղղակի ոչ շատ ցանկալի կողմը բազմաբնակարան համալիրի տարածքի վայրն է: Մնացած ամեն ինչը չափազանց գոհացուցիչ է եւ գրավիչ»:

Մեկ այլ շահառու Ժակ Մանուկյանի կարծիքով` իրենց առաջարկվող պայմաններն իրոք հարմար են, այդ պատճառով էլ որոշել է մասնակցել սոցիալական այս ծրագրին. «Սա մեր երկրում առկա երեւի թե լավագույն սոցիալական ծրագրերից մեկն է, որն առաջարկվում է երիտասարդներին: Բնական է, որ երիտասարդների համար սա շատ գրավիչ ու մատչելի տարբերակ է»:

Ձեզ ենք ներկայացնում վիճակահանության արդյունքները: