Ծարավ Աղբյուրի փողոցում կկառուցվի մանկապարտեզ-նախակրթարան և մանկական պուրակ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարության, 2013թ. հոկտեմբերի 30-ին, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի գլխավորությամբ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, ԵՊՀ շրջանավարտների միավորման գլխավոր իրավախորհրդատու Արմեն Թադևոսյանը, այլ պաշտոնատար անձինք:

Հանդիպման օրակարգում ընդգրկված էր Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցում տեղակայված զորամասի զորանոցային շենքերը վերակառուցելու և մանկապարտեզ-նախակրթարան հիմնելու հարցը:

Հաշվի առնելով այն, որ ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից իրականացվող բնակարանաշինական ծրագրերի արդյունքում նշված տարածքում մինչև 2015թ. հունիս ամիսը մշտական բնակություն են հաստատելու մոտ 1250 երիտասարդ ընտանիքներ, այդ պատճառով մանկապարտեզ-նախակրթարանի ստեղծումը խիստ անհրաժեշտ է և պահանջված:

Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող զորամասն առաջիկայում տեղափոխվելու է այլ վայր և հաջորդ տարվա Երևան քաղաքի բյուջեյում պլանավորվում է ֆինանսական միջոցներ նախատեսել այդ զորանոցային շենքերը վերակառուցելու և մանկական հաստատություն հիմնելու համար:

Ըստ Արամ Սուքիասյանի` ծրագրվում է, որ մանկապարտեզը մանուկների առջև իր հյուրընկալ դռները կբացի 2015թ. հունվարի 1-ին և առաջին տարում իր հարկի տակ կկարողանա ընդունել մինչև 150 երեխաների:

Ի դեպ, նշված տարածքում կառուցվող շենքերում կատարած վերջին այցելության ընթացքում Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ԵՊՀ շրջանավարտների միավորման նախագահ Արսեն Քարամյանին հանձնարարվել է միավորման ազատ շրջանառու միջոցների հաշվին զորամասի տարածքի մի հատվածը (Ծարավ Աղբյուրի 55/6 և 55/8 հասցեներում կառուցվող շենքերի միջև ընկած տարածքում) վերածել մանկական պուրակի, այնտեղ ձևավորել ճեմուղիներ, մանկական խաղահրապարակներ և հանգստի գոտիներ:

Նշված հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով միավորման կողմից համապատասխան մասնագետներին հանձնարարվել է կատարելու մանկական պուրակի կառուցման և ձևավորման նախագծային աշխատանքները: