Մեկնարկեց բնակարանամուտի գործընթացը

Մեկնարկեց բնակարանամուտի գործընթացը

«Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին և մարզիկներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի մի խումբ շահառուներ այսօր ստացան իրենց բնակարանների բանալիները:

Նրանց դիմավորեցին ծաղիկներով, փուչիկներով, սեփականատերերի համար առաջին բնակարանամուտն իսկական տոնի էր վերածվել:

Դժվար է նկարարագրել Ռայա Հովհաննիսյանի ցնծությունը, հուզմունքը,  ով առաջին անգամ էր մուտք գործում արդեն իր կյանքի նպատակ դարձած բնակարան: Նա խոսքեր չէր գտնում արտահայտվելու. «Պարզվեց, որ բոլոր երազանքներն իրականություն են դառնում. բնակարան ունենալու իմ երազանքն էլ արդեն իրականություն է դարձել: Շատ ուրախ եմ, խոսքեր չեմ գտնում արտահայտվելու: Ցանկանում եմ, որ բոլորն էլ ուրախանալու նմանօրինակ առիթներ ունենան»:

Շատերի համար բնակարնների բանալիների հանձնման արարողությունն անսպասելի էր. «Երբ զանգեցին և ասեցին, որ մեր բնակարանը պատրաստ է, ցնծություն ապրեցի: Կայքով անընդհատ հետևում էի նկարներին ու ասում` գուցե նկարներից մեկում իմ բնակարանն է»,- ասում է շահառուներից Ռուզաննա Մելիքյանը:

Շահառուներից Հովհաննես Քոսյանն էլ փաստեց, որ շինարարական աշխատանքները մաքուր և որակով են կատարվել. «Շատ դրական զգացողություններ ունեմ, շնորհակալ եմ «ԵՊՀ շրջանավարտների միավում» ՀԿ-ին նմանօրինակ ծրագիր իրականացնելու համար»:

Նշենք, որ  «Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, մանկավարժներին, բժիշկներին, եւ սպորտսմեններին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագիրը մեկնարկել է 2012 թ-ի փետրվարից:

Այն իրականացնում է «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը, Հայաստանի  Հանրապետության նախագահ, Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Ծրագրի շրջանակներում կառուցվել է ժամանակակից ճարտարապետական լուծումներով բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիր, որի բնակարանները շուկայականից անհամեմատ ցածր գներով տրամադրվել են Հայաստանի Հանրապետության երիտասարդ լրագրողներին, մանկավարժներին, բժիշկներին և միջազգային մրցաշարերում հաղթանակած ու Հայաստանի Հանրապետության մարզական պատիվը բարձր պահած մարզիկներին:

Ծրագրի արդյուքում ներկայումս շահագործման է հանձնվում 5 բնակելի մասնաշենքեր Ծարավ Աղբյուրի 55/8 և 55/11 հասցեներում: Շահառուների ընդհանուր թիվը 338-ն է:

Մայիսի 31-ին բնակարանամուտի առաջին փուլն էր կազմակերպվել:  Ծրագրի իրավախորհրդատու Արմեն Թադևոսյանի տեղեկացմամբ բնակարանների հանձնման-ընդունման գործընթացն ամբողջությամբ կավարտվի մեկ ամսվա ընթացքում:

Հուլիսի 12-ին էլ նախատեսվում է կազմակերպել բնակարանամուտի պաշտոնական արարողությունը:

Ի դեպ, շենքերի հարևանությամբ` նախկին զորամասի տարածքում, կառուցվում է քոլեջ-նախակրթարան և քաղաքային նշանակության պուրակ:

Պուրակի ձևավորման աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են և կավարտվեն աշնանը: Քոլեջ նախակրթարանն էլ կսկսի գործել 2015 թ-ի հունվարի 1-ից: