Այսօր Հայաստանի Հանրապետության նախագահ, ԵՊՀ շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այց կատարեց Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակի 8 և 8/1 հասցեներում երիտասարդ գիտնականների և ստեղծագործողների համար կառուցվող բազմաբնակարան համալիրների շինհրապարակ:

ԵՊՀ շրջանավարտների միավորման նախագահ Արսեն Քարամյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ նախագահը շրջեց շինարարական հրապարակում, այցելեց արդեն իսկ պատրաստի բնակարաններ և ծանոթացավ կատարվող աշխատանքների որակին:

Այցի շրջանակում նախագահին ներկայացվեց նշված բազմաբնակարան համալիրների հարևանությամբ՝ Պարույր Սևակի 8/2 հասցեում, կառուցվող բազմաբնակարան նոր համալիրի նախագծերը և իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը: Միավորման կողմից իրականացվող նշված ծրագրի շրջանակում մատչելի գներով բնակարան ձեռքբերելու հնարավորություն կընձեռնվի Հայաստանի Հանրապետության բանկերում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություններում, հեռահաղորդակցության օպերատորական կազմակերպություններում աշխատող երիտասարդ մասնագետներին, պետական և համայնքային ծառայողներին, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների երիտասարդ գիտաշխատողներին և դասախոսներին, երիտասարդ բժիշկներին, արվեստագետներին, լրագրողներին և մանկավարժներին: Նոր համալիրի շինարարական աշխատանքները կավարտվեն 2017թ. նոյեմբերին:

Ավան վարչական շրջանում ևս Սերժ Սարգսյանին ներկայացվեց ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից կառուցվող Ավան 4 բնակարանաշինական ծրագրի ընթացքը: Միաժամանակ քննարկվեցին առաջիկայում մեկնարկող Ավան 5 ծրագրի նախապատրաստական աշխատանքները և ժամանակացույցը: Ծարավ Աղբյուրի փողոցում Ավան 1 և Ավան 2 համալիրների հարևանությամբ՝ նախկին զորամասի շարային հրապարակի տարածքում, միավորման կողմից կառուցվելու է 100 բնակարան ունեցող բազմաֆունկցիոնալ համալիր, որի բնակարանները մատչելի գներով տրամադրվելու են բնակկարիքավոր երիտասարդ մասնագետներին:

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա գտնվեց նաև Ծարավ Աղբյուրի փողոցում կառուցվելիք ուսումնամարզական համալիրի հիմնարկեքի արարողությանը: Համալիրում գործելու են մանկապարտեզ, դպրոց, լողավազան, սահադաշտ, ֆուտբոլային դաշտ, ինչպես նաև մարզասրահներ և պարասրահ: Նախագիծն իրականացվում է «Գազպրոմը՝ երեխաներին» ծրագրի շրջանակում:

Ուսումնամարզական համալիրի և Ծարավ Աղբյուրի փողոցի միջև ընկած մոտ 5500 քմ. ընդհանուր մակերեսով տարածքում էլ Երևանի քաղաքապետարանի կողմից կառուցվելու է պուրակ: