Ամփոփվել են «ԱՎԱՆ 6» ծրագրի վարկավորման համար հայտարարված մրցույթի արդյունքները

Հարգելի՛ շահառուներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/3 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքերի շահառուներին հիփոթեքային վարկավորում տրամադրելու համար ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից հայտարարված մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել թվով 9 առևտրային բանկեր:

Միավորման և ՀՀ կենտրոնական բանկի մասնագետների կողմից մանրամասն ուսումնասիրվել են բանկերի կողմից ներկայացված առաջարկներն ու փաստաթղթերի փաթեթները, ինչի արդյունքում մրցույթի հաղթող է ճանաչվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-Ն:

Մրցույթում հաղթած հիփոթեքային վարկավորման առաջարկը հետևյալն է՝ մինչև 20 տարի մարման ժամկետ, 7,95 % տարեկան տոկոսադրույք, Վարկի արժույթը՝ ՀՀ դրամ, վարկի տրամադրման վճարներ և վարկի վաղաժամկետ մարման տույժեր չկան, ծրագրի շահառուներին առաջարկվող դրամային կուտակային ավանդի տոկոսադրույք՝ 14%:

Ներկայումս ընթանում են ԵՊՀ շրջանավարտների միավորման և ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ միջև ստորագրվելիք համագործակցության հուշագրի մշակման աշխատանքները, որի ստորագրումից անմիջապես հետո կողմերը ձեռնամուխ կլինեն հիփոթեքային վարկավորման գործընթացի կազմակերպմանը:

Բնակարանի արժեքը հիփոթեքային վարկավորման միջոցների ներգրավմամբ վճարող շահառուներն առաջիկայում անհատապես կծանուցվեն բանկին դիմելու և անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու ժամկետների, ինչպես նաև վարկունակության գնահատման ընթացակարգի մասին: