Մեկնարկել է «Ավան-6» համալիրի վարկավորման ծրագիրը

Այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում բնակարանաշինական ծրագրերի համակարգող Արսեն Քարամյանն ու «Արարատ» բանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր:

Ծրագրով նախատեսվում է Ծարավ Աղբյուրի 55/3 հասցեում կառուցել 3 մասնաշենքից բաղկացած բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիր, որի բնակարանները տրամադրվելու են երիտասարդ բժիշկներին, մանկավարժներին, դասախոսներին, գիտաշխատողներին, ծրագրավորողներին, բանկային համակարգի աշխատողներին: Բնակելի համալիրն ունենալու է 210 բնակարան:

Շենքի հարակից տարածքն ամբողջությամբ բարեկարգվելու է, նորացվելու են կոմունիկացիոն համակարգերը, նախատեսվում է կառուցել մանկական խաղահրապարակներ եւ կանաչապատ հանգստի գոտիներ: Տարածքն ունենալու է ժամանակակից արտաքին լուսավորություն:

DSC_1271

««Ավան-6»-ի համար տոկոսադրույքը բացառիկ է` 7.95։ Այսքան տոկոսադրույք մենք երբեւէ չենք ունեցել։ Կախված շահառուի վարկունակությունից` կանխավճարը 10-20 տոկոս է։ Բնակարաններն էլ բաշխվել են վիճակահանության եղանակով»,- նշեց Արսեն Քարամյանը:

Փոխնախարարը մեծ ոգեւորությամբ ներկայացրեց, թե ինչպիսի հետաքրքրություն է առաջացրել «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» ծրագիրը. «Երիտասարդ մասնագետներին մայրաքաղաքի՝ միջազգային չափանիշներին համապատասխանող նոր թաղամասում մատչելի գնով ու մատչելի տոկոսով բնակարան ձեռք բերելու հնարավորություն է տրվում»։

DSC_1274

Ապրիլ-մայիս ամիսներին կմեկնարկի ավելի մեծ ծրագիր՝ այս անգամ Քանաքեռ-Զեյթուն համայնքում։ Փոխնախարարն ուրախությամբ հայտնեց, որ Քանաքեռ-Զեյթուն համայնքում կառուցվելու է մարզաառողջարանային կենտրոն` մոտ 5500 քմ տարածքով։ Այն շահառուները, ովքեր մասնակցել են «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» ծրագրին, ծառայությունները կստանան մատչելի գներով, այսինքն՝ դրանք հասանելի կլինեն միջին աշխատավարձ ստացողի համար։ Ի դեպ, մարզակառույցը պետք է ունենա արեւային էներգիայի սնուցման ուժեղ կայան:

«Արարատ» բանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը նույնպես դրական գնահատեց նմանօրինակ ծրագրի առկայությունը:

Հիշեցնենք, որ «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը մեկնարկել է 2008 թվականին։ Այն իրականացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո  եւ կազմում  նրա  նախընտրական ծրագրի մի մասը։