Մեկնարկում է «Զեյթուն 3» բնակարանաշինական ծրագիրը

«Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը, Հայաստանի Հանրապետության Նախագահ, Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո մեկնարկում է «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի հերթական փուլը:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Ահարոնյան փողոցին հարող տարածքում (Զեյթուն 1 և Զեյթուն 2 համալիրների հարևանությամբ) կառուցել ժամանակակից ճարտարապետական լուծումներով բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիրներ, որոնց բնակարանները շուկայականից անհամեմատ ցածր գներով տրամադրվելու են Հայաստանի Հանրապետության երիտասարդ մասնագետներին: Ծրագրի հնարավոր շահառուներ կարող են դառնալ մինչև 45 տարեկան, առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող, բնակարանի կարիքավոր (Երևան քաղաքում բնակարան չունեցող կամ բնակարանային պայմանների բարելավման հրատապ անհրաժեշտություն ունեցող) ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երիտասարդ գիտաշխատողները և դասախոսները, երիտասարդ բուժաշխատողները, լրագրողները, մանկավարժները (նախադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական հաստատությունների), ստեղծագործական միությունների անդամները, ՏՏ ծրագրավորողները, հեռահաղորդակցության ոլորտի կազմակերպությունների և բանկային համակարգի աշխատողները, պետական և համայնքային ծառայողները:

Բնակելի համալիրն ունենալու է մեկ (45 քմ.), երկու (60-70 քմ.), երեք (90-100 քմ.) չորս (125 քմ.) և հինգ (160 քմ.) սենյականոց մոտ 500 բնակարաններ: Բնակարանների վերջնական հատակագծերը կհրապարակվեն մինչև դեկտեմբերի 10-ը:

Բնակելի համալիրի շինարարությունը մեկնարկելու է 2017թ. դեկտեմբերին և նախատեսվում է ավարտել 2020թ. մայիսին: Բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքը լինելու է մոնոլիտ-երկաթբետոնյա: Այն ունենալու է 14 բնակելի հարկ, ինչպես նաև ստորգետնյա ավտոկայանատեղեր և հասարակական սպասարկման տարածքներ: Բնակելի համալիրն ունենալու է ժամանակակից արտաքին լուսավորություն, իսկ շենքի հարակից տարածքն ամբողջությամբ բարեկարգվելու է, նորացվելու են կոմունիկացիոն համակարգերը, կառուցվելու են մանկական խաղահրապարակներ և կանաչապատ հանգստի գոտիներ: Բնակարանի մեկ քմ-ի արժեքը կազմելու է 270000-290000 ՀՀ դրամ:

Բնակարանները շահառուներին հանձնվելու են ներքին հարդարման երկու տարբերակով.

Մասնակի վերանորոգված՝ 1քմ.-ի արժեքը՝ 270000 ՀՀ դրամ, որի նկարագիրը հետևյալն է`
— բնակարանի հատակը` ցեմենտավազե սվաղ, պատերը՝ գաջապատված,
— սանհանգույցը՝ ցեմենտավազե սվաղ,
— բնակարանի ներքին բաժանումներն իրականացվում են բնակելի շինության ճարտարապետական գլխավոր նախագծի համաձայն,
— մուտքի դուռը` երկաթյա,
— պատուհանները` մետաղապլաստ (շագանակագույն),
— էլեկտրականության մոնտաժն իրականացվում է բնակելի շինության էլեկտրամատակարարման աշխատանքային նախագծի համաձայն,
— ջեռուցման համակարգի մոնտաժը` կատարված` առանց սարքավորումների,
— շենքը` գազիֆիկացված:

Ամբողջությամբ վերանորոգված՝ 1քմ.-ի արժեքը՝ 290000 ՀՀ դրամ, որի նկարագիրը հետևյալն է`
— բնակարանի հատակը` լամինատե,
— սանհանգույցը սալիկապատված է,
— բնակարանի ներքին բաժանումներն իրականացվում են բնակելի շինության ճարտարապետական գլխավոր նախագծի համաձայն,
— բնակարանի կոսմետիկ հարդարումը կատարվում է Վաճառողի կողմից առաջարկվող տարբերակներից՝ Գնորդի ընտրությամբ,
— մուտքի դուռը` երկաթյա, ներբնակարանային դռների տեսակը` ՄԴՖ (ըստ շահառուի ընտրության),
— պատուհանները` մետաղապլաստ (շագանակագույն),
— էլեկտրականության մոնտաժն իրականացվում է բնակելի շինության էլեկտրամատակարարման աշխատանքային նախագծի համաձայն,
— էլեկտրական հանգույցները` տեղադրված,
— ջեռուցման համակարգի մոնտաժը` կատարված` առանց սարքավորումների,
— շենքը` գազիֆիկացված:

Ձեռքբերվող բնակարանի արժեքի վճարման համար առաջարկվում են հետևյալ տարբերակները.

Բնակարանի արժեքի վճարումը հիփոթեքային վարկավորման միջոցով.
Բնակարանի արժեքի վճարումը հիփոթեքային վարկավորման միջոցով նախընտրելու դեպքում սահմանվում է հետևյալ նախնական պայմանները` 20% կանխավճար, մինչև 20 տարի մարման ժամկետ, տարեկան  մինչև 8.5% տոկոսադրույք, անուիտետային մարման գրաֆիկ, ձեռքբերվող և/կամ այլ անշարժ գույքի գրավադրում:

Շահառուները կօգտվեն եկամտային հարկի միջոցով վարկի սպասարկման համար վճարվող տոկոսները վերադարձնելու՝ օրենքով սահմանված արտոնությունից:

Բնակարանի արժեքի վճարումը ուղղակի վճարման պայմաններով.

Բնակարանի արժեքի ուղղակի վճարման տարբերակը նախընտրելու դեպքում սահմանվում է շահառուի կողմից ձեռքբերվող բնակարանի արժեքի վճարման հետևյալ կարգը.
— նախնական վճարում` բնակարանի ամրագրումից հետո 10 օրվա ընթացքում` բնակարանի արժեքի 30 տոկոսի չափով,
— առաջին միջանկյալ վճարում` բնակարանի առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո 6 ամսվա ընթացքում` բնակարանի արժեքի 40 տոկոսի չափով,
— երկրորդ միջանկյալ վճարում` բնակարանի առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո 12 ամսվա ընթացքում` բնակարանի արժեքի 20 տոկոսի չափով,
— վերջնական վճարում` բնակարանի հանձնման-ընդունման ակտը ստորագրելու մասին ծանուցում ստանալուց հետո 7 օրացուցային օրվա ընթացքում` բնակարանի արժեքի 10 տոկոսի չափով:

Ծրագրի հնարավոր շահառուների խմբում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

— ծրագրի մասնակցության հայտ (լրացվում է տեղում),
— դիմումատուի անձնագրի պատճենը,
— դիպլոմի պատճենը,
— տեղեկանք աշխատավայրից` դիմումատուի զբաղեցրած պաշտոնի և աշխատանքային ստաժի վերաբերյալ։

Ծրագրի շահառուների ընտրությունը, ինչպես նաև հրապարակային վիճակահանության միջոցով բնակարանների բաշխումն իրականացվում է Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման կողմից:

Միավորման կողմից չեն քննարկվելու ծրագրի պահանջներին չհամապատասխանող թեկնածուների ներկայացրած փաստաթղթային փաթեթները:

Ծրագրին մասնակցելու դիմումները ընդունվում են մինչև 2017թդեկտեմբերի 1-ը ներառյալ, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունում (ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, 604 սենյակ) յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9.30-12.30: