Երևանի պետական համալսարանի ուսանողական կառույցները եւ «Համալսարանական» հանդեսի խմբագրակազմն իրենց մտահոգությունն ու վրդովմունքն են հայտնում Հայաստանի «կազմակերպված» երիտասարդության շրջանում տիրող անառողջ եւ ոչ կառուցողական մթնոլորտի վերաբերյալ, որի դրվագներից էր փետրվարի 15-ին կայացած ամենամյա «Հայկյան մրցանակաբաշխություն»-2004-ը, (կազմակերպիչ` Համահայկական երիտասարդական հիմնադրամ): Այն եւս մեկ անգամ մեզ առիթ տվեց անդրադառնալ ուսանողական-երիտասարդական ոլորտի ներկա վիճակին:
Մենք անհանգստացած ենք երիտասարդության հետ տարվող աշխատանքներում մի կողմից չհիմնավորված հավակնություններով որոշ կազմակերպությունների դերակատարությամբ, մյուս կողմից էլ ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության պասիվ եւ կրավորական կեցվածքով: Հիշյալ ոլորտում կատարվող յուրաքանչյուր գործընթաց, մեր կարծիքով, պետք է հիմնված լինի արդարության համապարփակ սկզբունքների, հրապարակայնության եւ անաչառության վրա:
Գործ ունենալով հասարակության ամենաակտիվ, ինտելեկտուալ եւ նախաձեռնող խավի հետ` առնվազն պետք է առաջնորդվել վերկուսակցական դիրքերից` զերծ մնալով բոլորին բավարարելու, թվացյալ միասնության «ջատագովի» կեցվածքից: Մենք դատապարտում ենք ՀԵՀ-ի եւ այլ երիտասարդական կազմակերպությունների նմանօրինակ ծրագրերը, որոնք ստվեր են գցում երիտասարդական աշխատանքի, երիտասարդական քաղաքականության վրա եւ չեն նպաստում երիտասարդության ակտիվացմանը, երկրի արդի խնդիրների շուրջ համախմբմանը:
Հորդորում ենք շահագրգիռ կազմակերպություններին հետամուտ լինել նմանօրինակ միջոցառումների հրապարակայնության և օբյեկտիվ անցկացման հարցերում, պայքարել նեղ կուսակցականության սկզբունքներով առաջնորդվող առանձին անհատների ապակառուցողական գործունեության դեմ` այդ արատավոր երեւույթը պետության եւ հասարակության զարգացման համար դիտարկելով որպես սպառնալից գործոն:
ԵՊՀ ուսանողական կառույցները հայտարարում են, որ ՀԵՀ-ի կողմից նման տրամաբանության եւ ընթացքի մեջ կազմակերպվող միջոցառումներն ու ծրագրերը անհնարին են դարձնում ՀԵՀ-ի հետ արդյունավետ համագործակցությունը: Մենք վճռակամ ենք առաջիկայում կազմակերպել վերոհիշյալ խնդրի շուրջ ամենատարբեր միջոցառումներ, որոնց ընթացքում վեր կհանվեն երիտասարդության ոլորտի խորքային խնդիրներն ու կառաջարկվեն հնարավոր լուծման ճանապարհները: ԵՊՀ Ուսանողական խորհուրդ (նախագահ` Միհրան Հակոբյան), ԵՊՀ Արհկոմիտեի ուսանողական միություն (Միացյալ արհկոմիտեի ուսանողական գծով փոխնախագահ` Արմեն Ավետիսյան), ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերություն (նախագահ` Եզնիկ Միրզոյան), «Համալսարանական» հանդես (գլխ. խմբագիր` Կարեն Գրիգորյան):