Երեւանի պետական համալսարանի ղեկավարությունը 1959 թվականին Դիլիջանի Բլդան գետի հովտում 1.5 հա. տարածքի վրա հիմնեց վրանային ճամբար:
«Այնտեղ եռում էր երիտասարդական ազատ կյանքը,- ժպիտը դեմքին պատմում է հոգեբանության ֆակուլտետի դասախոս Սեյրան Ամիրյանը,- ազատության, ազատ հարաբերությունների, ազատ խոսելու զգացողությունը մենք առաջին անգամ հենց այնտեղ զգացինք: Ամենակարեւորը այնտեղ ստեղծվեցին այնպիսի ընկերական հարաբերություններ, որ մինչ օրս էլ շարունակվում են»: Այսօրվա ուսանողներն էլ չեն ժխտում, որ Դիլիջանում եռում է ճամբարային կյանքը, բայց խոսելիս քչերն են ժպտում: Եւ այդ քիչ ժպիտների հետ մարզաառողջարանային համալիրից նրանք բերում են խոնավության, միջատների ընկերակցության եւ անապահովության զգացումը:
1959 թ.-ին հիմնադրված ճամբարն այսօր ամռան ամիսներին ապահովում է շուրջ 500 ուսանողների հանգիստը: Այլ հարց է, թե ինչպես է ապահովում: Հիմնադրման օրվանից չվերանորոգված ճամբարն այսօր վթարային վիճակում է: Մասնագետների հաշվարկով բավարար պայմաններ ստեղծելը կարժենա մոտ 200 մլն. դրամ: Մեր համալսարանը նման գումարով աջակցելու, իհարկե, հնարավորություն չունի, ուստի ԵՊՀ Շրջանավարտների միավորումը խնդիրը լուծելու այլընտրանքային տարբերակ է գտել: Մի քանի ամիս առաջ նրանք` Միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի ընկերակցությամբ, եղել են ճամբարում: Տեղում ծանոթացել են պայմաններին եւ հիացել Դիլիջանի բնությամբ: Բնությունը հիասքանչ էր, իսկ պայմանները, մեղմ ասած, վատը:
«2006թ. ընթացքում նախատեսվում է կազմակերպել Երեւան-Լոս Անջելես-Մոսկվա հեռուստամարաթոն, որից ստացված հասույթի հիմնական մասը կօգտագործվի ԵՊՀ Դիլիջանի մարզաառողջարանային բազայի վերանորոգման համար»,- նշեց ԵՊՀ Շրջանավարտների միավորման նախագահ Արսեն Քարամյանը: Նրա խոսքերով` հեռուստամարաթոնից ստացված գումարի մնացած մասը նույնպես ներդրվելու է ուսանողական խնդիրները լուծելուն: Իսկ վերանորոգումից հետո գնային որեւէ փոփոխություն չի լինելու, ուսանողներից գանձվելու է նույն գինը` զուտ պահպանման ծախսերը հոգալու համար: «Մեզ տրամադրված եթերաժամի ընթացքում լուսաբանելու ենք նաեւ Համալսարանի անցած ճանապարհը, դերն ու նշանակությունը, ավանդը մեր երկրի պատմության մեջ, ներկա դրությունը, այսօրվա ուսանողին հուզող խնդիրները` մասնավորեցնելով հատկապես ճամբարի վրա: Ուսանողը արժանի է ունենալու լավ հանգստի, լավ ժամանցի պայմաններ, որին հասնելու ճանապարհներից մեկն էլ Դիլիջանի մարզաառողջարանային բազայի ամբողջական վերականգնումն է` լողավազաններով եւ խաղահրապարակներով», — նկատում է պարոն Քարամյանը:
Երեւանի պետական համալսարանի թե՛ դասախոսները, թե՛ ուսանողները եւ թե՛ շրջանավարտների մեծ մասը խանդավառությամբ են ընդունել առաջիկա միջոցառման մասին լուրը: Ճամբարի վերականգնման համար յուրաքանչյուրն էլ պատրաստ է իր ներդրումն ունենալ: Երեւանի պետական համալսարանի ուսանողները միանշանակորեն ասում են, որ իրենք գոհ կլինեն ցանկացած բարեփոխման համար: «Առաջին տպավորությունս շատ վատն էր: Կենցաղային պայմաններն անբարենպաստ էին, տնակները շատ խոնավ էին: Բնությունն էր հիանալի: Նորից չեմ գնա, բայց եթե հաստատ իմանամ որ ինչ-որ բան կփոխվի, իհարկե կգնամ եւ պատրաստ կլինեմ վճարել իմ հանգստի համար», — ասում է Ռոմանագերմանական ֆակուլտետի ուսանողուհի Անի Ավանեսյանը:
«Ուտելիքը լավն էր, համենայն դեպս սոված չէինք մնում, բայց սանհանգույցի հարցն առաջնային է, խաղահրապարակ չկա, բայց միայն բնության համար արժե գնալ»,- ասում է ԵՊՀ ուսանողուհի Աննա Հարությունյանը: «Բարձերը, ներքնակները երեւի մի 50 տարվա էին: Կենցաղայինին ուշադրություն չէինք դարձնում, բայց արժե վերանորոգել: Հնարավորությունների դեպքում անպայման կմասնակցենք մարաթոնին»,- ասում են այլ ուսանողներ նույնպես: Իսկ Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող Բաբկեն Պիպոյանի համար ճամբարի պայմանները երկրորդական են եղել, որովհետեւ «հետաքրքրությունն այն չէր, թե որտեղ ենք հանգստանում կամ ինչ պայմաններում, այլ` ում հետ եւ ինչպես»:
ԵՊՀ Բանասիրական ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը հիշում է, որ ինքը շատ է եղել Դիլիջանի ճամբարում, այն էլ` վոլեյբոլի հավաքականի հետ: «Այն ժամանակ երիտասարդ էինք, ամեն ինչ մեր աչքին վառ գույներով էր պատկերվում, չէինք էլ նկատում, թե ինչ կենցաղային պայմաններում էինք ապրում: Հիշում եմ Գուրգեն Մելիքյանի բերած թոնրատունը, որտեղ ուշ ժամի հավաքվելով թարմª մեր թխած հացով պանիր էինք ուտում: Սննդից համենայն դեպս մենք դժգոհ չէինք: Հասցնում էինք նաեւ սիրահետել գեղեցիկ աղջիկներին: Ռոմանտիզմ էլ չկա այսօրվա երիտասարդության մեջ, չեն ուզում հանգստանալ մի տեղ, որտեղ մի քիչ թաց է, սնունդը այն չէ, անտառ է, կենցաղային պայմանները գերժամանակակից չեն» — ասում է Արծրուն Ավագյանը:
Այս տարի Դիլիջանի մարզաառողջարանային ճամբարում հանգստացող ուսանողները ճամբարի վարիչ Մորիս Դավթյանի հետ փորձել են մի փոքր հեշտացնել ԵՊՀ Շրջանավարտների միավորման գործը: Նրանք մշակել եւ Միավորում են ներկայացրել ճամբարի վերականգնման իրենց նախագիծը: Ըստ ուսանողների նախագծի` ներկայիս 9 փայտե տնակների փոխարեն կառուցվելու է վեցը: Տնակների հիմքը պետք է լինի քարից, իսկ պատերը` փայտից, փայտե տանիքը` թիթեղից, յուրաքանչյուր սենյակ պետք է ունենա մեկ ընդհանուր միջանցք, 5 սենյակ, մեկ ճաշասրահ, ինչպես նաեւ սանհանգույց եւ ցնցուղարան: Այս վեց տնակից բացի կկառուցվեն նաեւ 2 քարե քոթեջներ: Նրանք նույնիսկ հաշվել են վերակառուցման ծախսերը. յուրաքանչյուր տնակին բաժին է հասել 4-5մլն դրամ: Սակայն միավորումը տրամադիր է արմատական լուծում տալ խնդրին` հիմնովին վերակառուցել ճամբարն ու այն դարձնել ժամանակակից հանգստի գոտի: Բայց մինչ գումարների հայթայթումն ու ճամբարի վերակառուցումը, ԵՊՀ Շրջանավարտների միավորումը նախաձեռնել է բոլոր տարիների համալսարանականների հավաք, որը տեղի կունենա 2005թ. տարեվերջին, ուր կներկայացվեն Շրջանավարտների միավորման գործունեության հաշվետվությունն ու առաջիկա ծրագրերը: