Երեւանի պետական համալսարանի հիմներգը

Երեւանի պետական համալսարանի հիմներգը

85-ամյա Մայր բուհն այսուհետ կներկայանա նոր հիմներգով:

Հայաստանի օպերայի եւ բալետի ազգայի ակադեմիական թատրոնում ԵՊՀ 85-ամյակի տոնակատարության ժամանակ հայտնի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը Երեւանի պետական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին է հանձնում ԵՊՀ հիմներգի նոտագրությունը: Երաժշտության հեղինակն է անվանի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, իսկ բառերինը` բանաստեղծ Հովիկ Հովեյանը:

«Համալսարանն այն հիմքն է, որի վրա կառուցվում է երկիրը,- ասում է երգահան Ռոբերտ Ամիրխանյանը,- ես նույնչափ կհուզվեի եթե Հայաստանի հիմնը գրեի: Երկուսն էլ դժվար եւ պատասխանատու գործեր են»: Կոմպոզիտորը համոզված է, որ յուրաքանչյուր բանաստեղծության մեջ թաքնված է երաժշտությունը: Պետք է ոչ թե հորինել մեղեդին, այլ լսել` ելնելով բանաստեղծությունից:

«Փակվեցի սենյակումս եւ սկսեցի գրել,- պատմում է Ռոբերտ Ամիրխանյանը,- Բայց սխալ ճանապարհ ընտրեցի: Փոխանակ բանաստեղծության վրա փորձեի երաժշտություն գրել, հակառակն արեցի: Արդյունքում` գրվեց Համալսարանի օրհներգը»: Հիմներգն առաջին անգամ հնչեց ԵՊՀ ռեկտորատի ընդլայնված նիստում եւ արժանացավ համընդհանուր հավանության:

ԵՊՀ ռեկտոր, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը նիստից առաջ խոստովանեց. «Անկեղծ ասած` իզուր է այս նիստը: Ես չեմ կասկածում, որ մաեստրոյի գրած օրհներգն իսկապես արժանի է մեր համալսարանին»:

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Խաչիկ Վարդանյանը հավանել էր համալսարանի հիմներգ. «Վերջին տասնամյակներում մեր լավագույն երգերն Ամիրխանյանի հեղինակածն են: Ուստի պատահական չէ, որ Համալսարանի հիմնի հեղինակն էլ է նա: Ճիշտն ասած` ես մասնագիտական հմտություն չունեմ, բայց այս երաժշտության մեջ խրոխտ հնչյուններ կան, որ շեշտում են հայ ոգու մեծությունը»:

«Հիմնի բառերն այնքան էլ կարեւոր չեն, քանի որ հանդիսավոր առիթների դեպքում հնչում է միայն երաժշտությունը,- ասաց միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Էդիկ Զոհրաբյանը,- իսկ այս հիմնի մեղեդին իսկապես լավն է, լսելիս փշաքաղվում ես: Ճիշտ կլիներ, եթե Հայաստանի Օրհներգն էլ փոխեին»:

Ինչեւէ, Երեւանի պետական համալսարանի հիմներգը առաջին անգամ պաշտոնապես կատարվեց ԵՊՀ 85-ամյակին նվիրված տոնական միջոցառման ժամանակ: Միջոցառման ընթացքում համալսարանականներին ուղղված շնորհավորանքները բազմաթիվ էին: Բայց երեւի ամեն մի համալսարանականի համար ամենահուզիչը սեփական բուհի հիմներգն էր: Հանդիսության ժամանակ ԵՊՀ հիմներգն առաջին անգամ հնչեց Հայաստանի ակադեմիական երգչախմբի եւ Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ:

«Մենք փորձեցինք իրականություն դարձնել բոլոր ժամանակների համալսարանականների երազանքը` ունենալ համալսարանի հիմներգը,- ասում է ԵՊՀ Շրջանավարտների միավորման նախագահ Արսեն Քարամյանը,- կարծում ենք, որ մաեստրոն կյանքի կոչեց մեր բոլորի երազանքը»: Իսկ մաեստրոն ցավով նշում է, որ համալսարանում չի ուսանել, սակայն ասում է, որ համալսարանական է իր մեծ ընտանիքի պատմությամբ: «Հայրս եղել է համալսարանի դասախոս, միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանը: Համալսարանականի զգացողությունը միշտ եղել է իմ մեջ, ու այն թաքնված է նաեւ այս երաժշտության մեջ»:

Կոմպոզիտորի եւ ԵՊՀ ուսանողների բարեկամությունը այսքանով չավարտվեց: Հիմներգն ավելի մասսայական դարձնելու նպատակով ԵՊՀ շրջանավարտների միավորումը կազմակերպեց Համալսարանի հիմներգի կատարման մրցույթ, որին ներկա էր նաեւ հիմներգի հեղինակը: Մրցույթին մասնակցելու հրավերին արձագանքել էին Հայ բանասիրության, Ռոմանագերմանական բանասիրության, Մաթեմատիկայի, Տնտեսագիտության, Փիլիսոփայության եւ հոգեբանության, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետները: Մրցույթի արդյունքում ընտրվեցին երեք լավագույնները: Նրանք կմասնակցեն Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 65-ամյակին նվիրված հեղինակային համերգին: Թողարկվել է նաեւ ԵՊՀ հիմներգի ակադեմիական կատարման ձայնասկավառակը: