85-ամյա մեր երիտասարդ հոբելյարը

Համալսարանը տոնում է իր հիմնադրման 85-ամյակը:

Տոն, որը յուրաքանչյուր համալսարանականինն է` յուրաքանչյուր ուսանողինն ու դասախոսինը: Մայիսի 24-ին Ա. Սպենդարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Լավագույն ուսանող» գալահամերգ-մրցանակաբաշխությունը` նվիրված Երեւանի պետական համալսարանի հիմնադրման 85-ամյակին:

Հոբելյանական հանդիսությունը կազմակերպել էին ԵՊՀ ռեկտորատն ու «ԵՊՀ Շրջանավարտների միավորումը»: Միջոցառման ընթացքում համալսարանականներին ուղղված շնորհավորանքները բազմաթիվ էին: Բայց երեւի ամեն մի համալսարանականի համար ամենից հուզիչը սեփական բուհի հիմներգն էր:

Հանդիսության ժամանակ Հայաստանի ակադեմիական երգչախմբի եւ օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ առաջին անգամ հնչեց. «Լուսածին մայր տաճար հայրենի` Տիրոջ սուրբ լույսով օծված, Դու սեգ ճառագայթ մեր բորբ արեւի, Ջինջ մեր Հայկյան երկրի… »: Հիմներգի խոսքերը բանաստեղծ Հովիկ Հովեյանինն են, երաժշտությունը` կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանինը:

«Մենք փորձեցինք իրականություն դարձնել բոլոր ժամանակների համալսարանականների երազանքը` ունենալ համալսարանի հիմներգը,- ասում է «ԵՊՀ Շրջանավարտների միավորման» նախագահ Արսեն Քարամյանը,-կարծում ենք, որ մաեստրոն կյանքի կոչեց մեր բոլորի երազանքը»: Իսկ մաեստրոն ցավով նշում է, որ համալսարանում չի ուսանել, սակայն ասում է, որ համալսարանական է իր մեծ ընտանիքի պատմությամբ: «Հայրս եղել է համալսարանի դասախոս, միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան: Համալսարանականի զգացողությունը միշտ եղել է իմ մեջ, ու այն թաքնված է նաեւ այս երաժշտության մեջ»:

«Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությունն ԵՊՀ-ում անցկացվում է արդեն 5-րդ տարին: Պահանջները նույնն են` բարձր առաջադիմություն, ներհամալսարանական կյանքի ակտիվ մասնակցություն, գիտական աշխատանքներ կատարելու հակումներ: ԵՊՀ 21 ֆակուլտետներում սովորող ավելի քան 12000 ուսանողներից «Լավագույն ուսանող 2004» մրցանակաբաշխությանը ներկայացվել էին 64 հավակնորդ ուսանողներ, որոնցից հաղթող ճանաչվեցին 21-ը` յուրաքանչյուր ֆակուլտետից մեկ ուսանող: