Մարտի 22-ին կայացան ԵՊՀ ռեկտորի ընտրությունները, բայց այդպես էլ ռեկտոր չընտրվեց: Գրանցվել էին 4 թեկնածուներ` ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Գեղամ Գեւորգյանը, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Սամվել Հարությունյանը, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, ԵՊՀ պրոռեկտոր Արամ Սիմոնյանը:
Առաջին փուլում ամենից շատ քվե ստացան Գագիկ Ղազինյանը` 28, եւ Արամ Սիմոնյանը` 21: Իսկ մյուս թեկնածուների ձայները բաշխվեցին հետեւյալ կերպ` Գեղամ Գեվորգյան` 16 եւ Սամվել Հարությունյան` 4: Առավելագույն ձայներ հավաքածների միջեւ անցկացվեց 2-րդ փուլը, որի արդյունքում Գագիկ Ղազինյանի քվեները հասան 32-ի, իսկ Արամ Սիմոնյանը նրան զիջեց 10 ձայնով:
3-րդ փուլում Գագիկ Ղազինյանն ստացավ 36 քվե, եւ նրան միայն մեկ ձայն չբավարարեց ռեկտոր ընտրվելու համար: Ըստ ԵՊՀ ռեկտորի ընտրության ընթացակարգի, ընտրված է համարվում այն թեկնածուն, ով հավաքել է խորհրդի ցուցակային կազմի 50%-ից ավելի ձայներ: Ընդ որում, Գագիկ Ղազինյանի օգտին քվեարկած մեկ քվեաթերթիկ համարվել էր անվավեր: Ըստ գործող կարգի, ռեկտորի նոր ընտրությունները կկայանան 50 օր հետո` մայիսի 15-ին: