Արամ Սիմոնյանն ընտրվեց ԵՊՀ ռեկտոր

ԵՊՀ ռեկտորի պաշտոնն ստանձնեց ԵՊՀ նախկին պրոռեկտոր Արամ Սիմոնյանը:

Մայիսի 15-ին տեղի ունեցան ԵՊՀ ռեկտորի ընտրությունները: Երեւանի պետական համալսարանի խորհրդի նիստում փակ գաղտնի քվեարկությամբ, 41 կողմ ձայներով ռեկտորի պաշտոնը զբաղեցնելու հավանություն ստացավ բուհի պրոռեկտոր, ռեկտորի պաշտոնակատար պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը:

«Կարծում եմ, որ ռեկտորի ընտրությունն անցել է շատ լավ` պահպանելով օրենքի տառը եւ բարյացակամ մթնոլորտը»,- ԵՊՀ-ի խորհրդի նիստում կրթօջախի ռեկտորի կայացած ընտրություններից անմիջապես հետո լրագրողներին տված ճեպազրույցում հայտարարեց ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ի տարբերություն մարտի 22-ի ընտրությունների, մայիսի 15-ին ընտրության պատկերը լրիվ հակառակն էր: Ընտրությունն այս անգամ անցավ մեկ փուլով: Եվ առաջին իսկ փորձից ռեկտորի թեկնածու Արամ Սիմոնյանը հավաքեց 41 ձայն, անհրաժշետ 37-ի փոխարեն: Իսկ նրա «հակառակորդ», ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը ստացավ 24 ձայն:

Ընտրությանը մասնակցեց խորհրդի 72 անդամից 71-ը, նրանցից չորսը քվեարկել են բոլորին դեմ, իսկ երկուսի ձայնը համարվել է անվավեր: Ընտրություններից հետո լրագրողներին տված ճեպազրույցի ժամանակ ԵՊՀ նորընտիր ռեկտոր Արամ Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց հատկապես քվեարկությանը մասնակցած ուսանողներից, անկախ նրանից, թե ում օգտին են քվեարկել: Նորընտիր ռեկտորը նշեց, որ կառավարելու է բաց եւ թափանցիկ, ոչ միայն միանձնյա, այլ նաեւ կոլեգիալ:

Կառավարման ընթացքում նա մտադիր է գործակցել իր ընտրողների, ինչպես նաեւ ԵՊՀ խորհրդի անդամների հետ: «Ուզում եմ հատկապես շեշտել խորհրդի նախագահի հետ համագործակցելու իմ մեծ ցանկությունը: Երեւանի պետական համալսարանի առօրյա բոլոր գործառույթները իրականացնելիս, ես Խորհրդի եւ նրա նախագահի օգնության կարիքն ունեմ»,- հայտարարեց Արամ Սիմոնյանը: