ԱՄՆ այցից հետո

ԵՊՀ պրոռեկտոր, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Քարայանը վերջերս կրկին Ամերիկայի Միացյալ Նահանգներում էր: ԵՊՀ շրջանավարտների միավորման նախագահի հետ հարցազրույցի թեման վերջին երկու այցերն են:

-Պարոն Քարամյան, որո՞նք են եղել ԱՄՆ կատարած Ձեր այցի հիմնական նպատակները:

Դեռեւս 1996-97 թվականներից ԱՄՆ-ում մի խումբ համալսարանականներ ոչ ֆորմալ ձեւով իրականացնում էին մի շարք միջոցառումներ, որոնց հիմնական նպատակը այնտեղի շրջանավարտների միջեւ կապերի պահպանումն է եղել: Սակայն եկավ մի ժամանակ, երբ անհրաժեշտություն առաջացավ այդ կապերին ավելի կազմակերպչական բնույթ տալ: Դեռեւս նախկին ռեկտորի օրոք համալսարանի ղեկավարությունը հստակ ցանկություն հայտնեց սերտ կապեր հաստատել Ամերիկայում բնակվող եւ ապրող համալսարանականների հետ: Դա, իհարկե, ունի իր բացատրությունը: Մեր շրջանավարտների զգալի մասը ԱՄՆ-ում աշխատում է կրթական եւ արդի տեխնոլոգիաների ոլորտում: Սկզբում համալսարանի առաջարկած համագործակցության ծրագրի հիմքում ընկած էր փորձի փոխանակությունը, հետագայում հարաբերությունների շրջանակն ավելի մեծացավ: Պարզվեց, որ մեր ամերիկաբնակ շրջանավարտները համալսարանին կարող են նաեւ ֆինանսական աջակցություն ցույց տալ: 2003 թվականին ես ԱՄՆ-ում էի որպես «ԵՊՀ շրաջանավարտների միավորման» նախագահ: Ծանոթանալով տիրող իրավիճակին` հասկացանք, որ եթե այնտեղ գործող ակտիվիստների աշխատանքին տրվի կազմակերպչական բնույթ, նրանք կարող են զգալին ներդրում ունենալ ԵՊՀ-ի զարգացման գործում: 2003-ից սկսեցինք աշխատանք ծավալել ամերիկաբնակ մեր շրջանավարտների խմբին իրավական կարգավիճակ տալու համար, սակայն գործը շոշափելի արդյունքներ տվեց միայն 2006-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Այժմ ԱՄՆ-ում Շրջանավարտների միավորման ամերիկյան մասնաճյուղն արդեն պաշտոնական գրանցում ունի: Սակայն այցելություններն ունեին մեկ այլ, շատ ավելի հրատապ նպատակ. խոսքը ԵՊՀ Դիլիջանի մարզաառողջարանական համալիրի վերանորոգման համար գումարների հայթայթման խնդրի մասին է: Այնտեղ հանդիպել ենք մի շարք ազդեցիկ մարդկանց հետ, մարդիկ, ովքեր տարեկան մինչեւ 2 մլն դոլար նվիրատվություն են անում Հայաստանին: Մեր նպատակն էր այդ ռեսուրսների գոնե մի մասն այս տարի ուղղել համալսարանի մարզաառողջարանական համալիրի վերականգնման աշխատանքներին:

-Ի՞նչ կարելի է ասել արդյունքների մասին:

Պետք է նշեմ, որ բարեգործական գումար հայթայթելու գործը բազմաթիվ նրբերանգներ ունի: Երբեք չես կարող նվիրատուի հետ առաջին իսկ հանդիպման ժամանակ նրան առաջարկել որոշակի գումար ներդնել այս կամ այն գործի համար: Նախ պիտի ծանոթանաս նրա հետ, վստահություն ձեռք բերես, ապա նոր առարկայական առաջարկություն անես: Իհարկե, որոշակի ազդեցություն կարող է ունենալ նաեւ այն փաստը, թե ովքեր են համաձայնել գումար տրամադրել, բայց, այնուամենայնիվ, ամենից կարեւոր գործոնը մնում է վստահությունը: Նվիրատուն վստահ պիտի լինի, որ իր գումարը ծառայելու է ճիշտ նպատակի համար: Ի պատիվ համալսարանի պիտի նշեմ, որ մեր աշխատանքային ծրագիրը բացարձակ թափանցիկություն է խոստանում: Հենց դա են կարեւորում նվիրատուները: Օրինակ` Դիլիջանի հետ կապված` հովանավորներից մեկին մենք առաջարկել ենք ինքնուրույն կազմակերպել եւ վերահսկել իր ներդրած գումարով իրականացվող աշխատանքները: Եթե հաշվի առենք, որ Դիլիջանի մարզաառողջարանական համալիրի վերանորոգման համար անհրաժեշտ է շուրջ 1.6 մլն ամերիկյան դոլար, ապա ցանկացած չափի գումարի ներդրումն էլ զգալի դեր ունի: Այցելությունները, միանշանակ, արդյունավետ էին: Մենք այսօր արդեն ունենք իրատեսական ակնկալիք, շուրջ 400-600 հազար ամերիկյան դոլարի շրջակայքում: Երկու այցելությունների համար արդյունքը, կարծում եմ, գոհացուցիչ է:

-Ի՞նչ տարբերություն կար Ձեր երկու այցերի միջեւ:

Նախ` երկրորդ այցելություլությունը ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ էր: Առաջին այցելության ժամանակ ես շատ բան անել չհասցրի ժամանակի սղության պատճառով, թեեւ մեկ ամիս այնտեղ էի: Այդ առումով երկրորդ այցելությունը շատ ավելի արդյունավետ էր. այն սկսած գործերի ամփոփումը դարձավ: Շրջանավարտների միավորման ամերիկյան մասնաճյուղի հետ աշխատանքների մեծ մասն էլ վերջնական փուլի հասավ հենց երկրորդ այցելության ժամանակ: Բացի այդ, արդեն ծանոթ էր միջավայրը, տեղաբնականերն էլ մասամբ արդեն ծանոթ էին խնդրին: Համալսարանական խնդիրները բարձրացնելու գործում մեծ դեր ունեցավ այն փաստը, որ մենք ԱՄՆ հայկական համայնքի հեռուստաալիքներով շուրջ 5 ժամ ելույթի հնարավորություն ունեցանք: Ամերիկայի ողջ տարածքով հեռարձակվող 2 ժամանոց հաղորդումն արդեն իսկ բավական է, որ ամերիկաբնակ մեր հայությունը ծանոթա խնդրին:

-Ինչի՞ մասին է խոսել ԵՊՀ ղեկավարությունը այդ հաղորդումների ընթացքում:

ԱՄՆ էինք մեկնել բավականին պատրաստված, մեզ հետ տարել էինք ե´ւ տեսագրություններ, ե´ւ տպագիր նյութեր: Հաղորդումների հիմնական թեման Դիլիջանի մարզաառողջարանական համալիրի վերականգնման հարցն էր: Զանգահարում էին տարեց շրջանավարտներ եւ ուղիղ եթերում պատմում իրենց ուսանողական հուշերը, երբ իրենք հանգստացել են Բլդանչայի համալիրում: Սակայն զանգահարողներին նաեւ այլ հարց էր հուզում: Ամերիկաբնակ մեր հայրենակիցների մոտ հստակ է այն զգացողությունը, որ իրենց որդիներն ու թոռները, զրկված լինելով հայեցի դաստիարակվելու հնարավորությունից, հեռանում են ազգային արժեքներից ու ազգային ճանաչողությունից: Նրանց մեծ մասին հետաքրքրում էր, թե ինչպես կարող են իրենց որդիներն ու թոռները սովորել Հայաստանում, մասնավորապես` ԵՊՀ-ում: Ուրախալի է գիտակցել, որ համալսարանը, սփյուռքահայ ուսանողներին այստեղ սովորելու հնարավորություն տալով, իր ներդրումն է ունենում սփյուռքի ազգային գիտակցության պահպանման խնդրում:

-Իսկ ի՞նչ դեր ունի «ԵՊՀ Շրջանավարտների միավորման» ամերիկյան մասնաճյուղը այդ գործում:

Մինչ պաշտոնական կարգավիճակ ստանալը ամերիկաբնակ շրջանավարտների այդ խումբը համալսարանին ուղղված ոչ մի հատուկ ծրագիր չի իրականացրել: Այժմ արդեն կազմակերպությունն ունի ԵՊՀ-ին աջակցելու համալիր ծրագիր: Կարծում եմ` կապն ավելի հստակ ձեւ կստանա, երբ Կալիֆորնիայի նահանգային իշխանություններն այն ճանաչեն որպես բարեգործական կազմակերպություն: Այդ պրոցեսը բավական ժամանակատար է, բայց կարծում եմ` առաջիկա 20 օրվա ընթացքում կլուծվեն նաեւ այդ հարցերը: Միավորման ամերիկյան մասնաճյուղի դերը, իհարկե, մեծ է: Մասնաճյուղի նախագահը ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի նախկին փոխդեկան Էդիկ Սարգսյանն է: Գրեթե բոլոր նվիրատուների հետ համալսարանը հենց նրա միջոցով է ծանոթություն հաստատում:

-Իսկ ո՞ր փուլում է գտնվում Ռուսաստանի հայ համայնքի հետ հարաբերությունները:

Այո’, Դիլիջանի վերականգնման գործում իր ներդրումն են ունենալու նաեւ Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցները: Մենք այնտեղ բավական ազդեցիկ շրջանավարտներ ունենք: Ցավոք, վերջին շրջանում ռուսահայ համայնքի եւ համալսարանի կապը մի քիչ թուլացել է, չնայած Ռուսաստանը ԱՄՆ-ից անհամեմատ մոտ է Հայաստանին: Կարծում եմ` ամուր հիմքեր կան կապն արագորեն զարգացնելու համար: Շուտով մենք աշխատանքային այցով կլինենք նաեւ Ռուսաստանում եւ կախված այնտեղ տիրող իրավիճակից` կորոշենք հեռուստամարաթոնի օրը: Ամենայն հավանականությամբ, այն կկայանա հենց այս գարուն: