ԵՊՀ-ն բնակարան է կառուցում

Երեւանի պետական համալսարանի երիտասարդ գիտնականները շուտով կունենան բնակարաններ:

ԵՊՀ շրջանավարտների միավորման նախաձեռնությամբ եւ միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի օժանդակությամբ իրականացվում է «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագիրը: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի միջին տարիքը բավականին բարձր է, անհրաժեշտ է միջոցառումներ ձեռնարկել գիտական ու դասախոսական կազմի երիտասարդացման ուղղությամբ:

«ԵՊՀ շրջանավարտների միավորման» նախագահ Արսեն Քարամյանն ասաց. «Սոցիալական խնդիրների պատճառով, ցավոք, շատերը լքում են ոչ միայն բուհը, այլեւ հանրապետությունը: Իսկ մենք երիտասարդ գիտնականների կարիք ունենք: Կարծում եմ` սեփական բնակարան ունենալու հարցում մեր համալսարանականներին օգնելն առաջնային է»:

Ծրագիրը բաղկացած է մի քանի փուլից:

Առաջին փուլում կկառուցվի մեկ բնակելի շենք` 64 բնակարաններով, որոնք կունենան մինչեւ 120 քմ ընդհանուր մակերես եւ կլինեն 2-4 սենյականոց: Շենքը հագեցած կլինի բոլոր անհրաժեշտ հարմարություններով, կունենա կանաչապատ գոտի, երեխաների համար խաղահրապարակ, ավտոկայանատեղի եւ այլն: Ի տարբերություն Երեւանում վաճառվող բնակարանների գործող գների` 800-1100 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ մեկ քմ-ի համար, ԵՊՀ աշխատողների համար կառուցված բնակարանները կվաճառվեն 1 քառակուսի մետր մակերեսը` մինչեւ 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով: Շրջանավարտների միավորման նախագահ Արսեն Քարամյանը տեղեկացրեց, որ առավել խոցելի սոցիալական խմբի համար միավորման կողմից Հոգաբարձուների խորհրդի նախագահի բարձր հովանավորությամբ միանվագ նվիրատվություն կտրվի, որ կկազմի 7-10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Ծրագրի շահառու են համարվում մինչեւ 35 տարեկան (առանձնահատուկ դեպքերի համար հնարավոր են որոշակի շեղումներ), ԵՊՀ-ում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ եւ գիտական աստիճան ունեցող, ամուսնացած եւ բնակարանի կարիք ունեցող անձինք: Պարոն Քարամյանը նշեց, որ պայմանագիրը ստորագրելուց հետո շահառուի հիմնական աշխատավայրը 7 տարի անընդմեջ պետք է լինի Երեւանի պետական համալսարանը. «Սա բնակարան ձեռք բերող երիտասարդ գիտնականներին ներկայացվող հիմնական պահանջն է: Այն խախտելու դեպքում նոր բնակարանատերը ԵՊՀ շրջանավարտների միավորմանը պետք է կնքված պայմանագրի ընդհանուր արժեքի 20 տոկոսի չափով լրավճար կատարի»: Շենքի շինարարությունը կսկսվի 2007-ի հոկտեմբերին եւ կտեւի 26 ամիս: Հայտերը կարելի է ձեռք բերել ԵՊՀ շրջանավարտների միավորման գրասենյակից կամ սեղմելով այստեղ եւ ներկայացնել մինչեւ հուլիսի 5-ը: