Հարցազրույց «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագրի ճարտարապետ Դավիթ Միրզոյանի հետ:
ԵՊՀ շրջանավարտների միավորման նախաձեռնությամբ եւ Միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի օժանդակությամբ` իրականացվում է «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագիրը, որը բաղկացած է մի քանի փուլից: Արդեն մեկնարկել է բնակարանաշինության ծրագրի շինարարական փուլը:
-Պարո՛ն Միրզոյան, սա Ձեր նախագծած հերթական շե՞նքն է, թե՞ ինչ-որ առանձնահատկություններ կան տվյալ նախագծում:
— Ճարտարապետի համար երբեք էական չէ, թե որերորդ շենքն է նախագծում: Մեզ համար կարեւոր է հնարավորինս բավարարել պատվիրատուի պահանջները: Սակայն այս շենքի ընտրված տարածքը հնարավորություն է ընձեռում իրականացնել նախագծի հետ կապված համարյա բոլոր մտահղացումները: Շենքը նախագծելիս փորձել ենք պահպանել ճարտարապետության մեջ ընդունված բոլոր նորմատիվ սկզբունքները` սկսած արեւի օրիենտացիայից մինչեւ հարկայնություն:
— Արդյոք տարբերություն կա՞ր, թե ում համար է կառուցվում շենքը, դա ազդու՞մ է նախագծման գործընթացի վրա:
— Յուրաքանչյուր նոր շենք նախագծելիս մենք հաշվի ենք առնում մի կարեւոր սկզբունք, այն է` շենքը չի կառուցվում հինգ տարվա համար, անընդունելի է չհաշվարկել ընդունված ստանդարտները` առաջնորդվելով այն իրողությամբ, որ այստեղ երիտասարդ գիտնականներ կամ դասախոսներ են ապրելու: Մենք գրագետ շենք կառուցելու կողմնակից ենք: Պատվիրված է բազմահարկանի շենք, մեծ քանակությամբ ու տարբեր մեծության բնակարաններ, վերելակներ, աստիճանավանդակներ, փորձելու ենք ստանալ այնպիսի շենք, որ բավարարի «էլիտար» կոչվող շենքերի առաջադրած պայմաններին: Որ այս շենքում ապրելու են երիտասարդ գիտնականներ, դա ողջունելի է, բայց այդ հանգամանքը, կարծում եմ, որեւէ ազդեցություն չի թողնի շենքի ճարտարապետության վրա:
-Ի՞նչ կասեք շենքի արտաքին տեսքի մասին: Ի՞նչ չափանիշներով եք առաջնորդվել շենքը նախագծելիս:
— Պահպանելով հայկականությունը` փորձել ենք ստանալ եվրոպական չափանիշներին համապատասխան շենք: Առավելագույնն օգտագործել ենք տարածքի թույլ տված հնարավորությունները` ցանկանալով կառուցել լավ բնակարաններ: Լավը, թերեւս, համեմատական է, եթե համեմատենք «վիլլայի» հետ: Բնավ չցանկանալով գովել մեր նախագիծը` այնուամենայնիվ պետք է նշել, որ կիրառվելու են նախանձելի կոնստրուկցիաներ: Ինչպես գիտենք, խորհրդային տարիներին բոլոր շենքերը նախագծում էին` հաշվարկելով 7 բալանոց սեյսմակայունության գոտին: Այսօր կառուցվող շենքերը նախագծվում են 9 բալին համապատասխան` հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանն ամբողջովին գտնվում է 9 բալային գոտում: Նկատի ունենալով այս ամենը` կրկնակի ավելանում է մետաղի եւ բետոնի ծավալը, որոնց արդյունքում կստացվի բավականին կոշտ ու ամուր շենք: Կարծում ենք` կոնստրուկտիվ առումով բոլորին կբավարարի: Նշենք նաեւ, որ շենքն ամբողջովին կառուցվում է նորմատիվ պահանջներին համապատասխան, պահպանվելու է շենքի ջերմակայունության, սեյսմակայունության, ջրահեռացման, լուսավորության համարյա բոլոր սկզբունքները: Չենք կարող խոստանալ, որ շենքի բոլոր բնակարանները նայելու են հարավ. այդ դեպքում դա կլիներ չափազանց թանկարժեք շենք եւ կունենար բոլորովին այլ կառուցվածք ու ձեւ:
-Ներկայումս աշխատանքային ո՞ր փուլում է գտնվում շենքի նախագիծը:
-Ճարտարապետության մեջ ընդունված Է «էսքիզային եւ տեխնիկական ու աշխատանքային փուլեր» հասկացությունը: Այժմ էսքիզը վերջնական փուլում է, համարյա համաձայնեցված է պատվիրատուի հետ, կան որոշ մանրուքներ, որոնք ճշգրտվում են: Շինարարությունը ոչ մի վայրկյան չի հետաձգվել էսքիզի քննարկման պատճառով. սրանք արվում են մեկը մյուսին զուգահեռ: Կարծում ենք` նախագիծն ակնառու փոփոխություններ չի կրի: Ի վերջո, ճարտարապետության մեջ կա հիմնական մի սկզբունք. տարածքը երբեք վատը չի լինում, պարզապես ճարտարապետն ինքը պետք է միջավայր ստեղծի տվյալ վայրում, առավել եւս, երբ մեր նախագծի համար ընտրված վայրը թե՛ կլիմայական, թե՛ տեսարանի, թե՛ մի շարք այլ գործոնների տեսանկյունից բավական հաջող է ընտրված: Համոզված եմ, որ մենք կկարողանանք իդեալականին շատ մոտ բնակարաններ կառուցել: