«Վիճակահանությունն անցավ բոլորիս աչքի առաջ` բաց եւ թափանցիկ: Մենք ինքներս որոշեցինք մեր ճակատագիրը, եւ մեր վիճակահանության համար պատասխանատու ենք միայն մենք»:
Սրանք ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դասախոս Սուրեն Բզնունու խոսքերն են, ով մասնակցում էր «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բանակարանաշինությանը» ծրագրի շրջանակներում բնակարանների բաշխման առաջին փուլի վիճակահանությանը: Ընդհանուր առմամբ, կլինի եւս 4-5 նման փուլ:
«Այս մոտեցման արդյունքում ոչ բոլորը կլինեն բավարարված, բայց հավատացեք, որ սա լավագույն ճանապարհն է` արդար, թափանցիկ աշխատելու համար»,- ասաց ԵՊՀ «Շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ, պրոռեկտոր Արսեն Քարամյանը:
Վիճակահանության առաջին փուլին մասնակցում էին բնակարանների հիմնական 92 շահառուները, որոնցից 88-ն էին ներկայացել վիճակահանության: Վիճակահանությամբ որոշվում է յուրաքանչյուր շահառուի հավակնած բանակարանը (վիճակատոմսերում բնակարանի նկարագրությունը ներառում է բնակարանի մակերեսը, սենյակների թիվը, շենքի մուտքը, հարկը, բնակարանի պայմանական համարը): Ըստ բնակարանների սենյակների քանակի եւ մակերեսային նախընտրությունների` շահառուները բաժանվում են համապատասխան ենթախմբերի:
Վիճակահանությունն իրականացվում է յուրաքանչյուր ենթախմբում ներառված շահառուների միջեւ: Վիճակահանության առաջին օրը կար 7 ենթախումբ` ըստ մակերեսային նախընտրությունների: Վիճակահանությունն անցկացվում էր հետեւյալ ենթախմբերով. 1-ին ենթախումբ 63 բնակարան 52.2-56.2 քմ., 2-րդ ենթախումբ 9 բնակարան 74.1 քմ., 3-րդ ենթախումբ 99 բնակարան 91.7-96.9 քմ., 4-րդ ենթախումբ 36 բնակարան 107.7 քմ., 5-րդ ենթախումբ 18 բնակարան 112.6-119.1 քմ., 6-րդ ենթախումբ 9 բնակարան 120.7 քմ., 7-րդ ենթախումբ 27 բնակարան 145-155.7 քմ.: Կազմվում է վիճակահանության հանձնաժողով, որի նախագահը ծրագրի համակարգող Քրիստինե Վարդանյանն է, իսկ քարտուղարը` ծրագրի իրավախորհրդատու Արմեն Թադեւոսյանը: Մյուս հինգ անդամներին ընտրում են շահառուներն իրենց կազմից:
ՀԿ նախագահ Արսեն Քարամյանն անդրադարձավ վարկավորման խնդրին, որը շահառուների համար ամենահրատապն է: «Մենք ինտենսիվորեն բանակցում ենք 18 բանկերի հետ, որոնցից ստանում ենք գրավոր առաջարկություններ: Բոլոր առաջարկները հավաքելուց հետո մենք ձեզ կնարկայացնենք լավագույն 3-4 տարբերակը, եւ դուք հնարավարություն կունենաք ընտրելու ձեզ համար ամենահարմարը»,- նշեց պարոն Քարամյանը: Բայց կա նաեւ երկրորդ տարբերակ. եթե բանկերից մեկն էապես տարբեր առաջարկ կներկայացնի, ծրագրի ղեկավարները բոլոր շահառուներին կառաջարկեն օգտվել հենց այդ բանկի ծառայություններից: Ի վերջո, եթե բանկն ընդառաջում է` հարմար պայմաններ առաջարկելով, ուրեմն նաեւ պահանջում է, որ ամբողջ ծրագրի վարկավորումն իրականացնի միայն ինքը: Արսեն Քարամյանն արդեն իսկ ներկայացված մի օրինակ ընթերցեց բնակարանների շահառուների համար:
«Արարատ» բանկը հատուկ նշված ծրագրի համար իրականացնում է նորապսակ ընտանիքներին էապես բարենպաստ պայմաններով վարկավորման հատուկ ծրագիր` հետեւյալ պայմաններով` գնահատված արժեքի 30 տոկոսի չափով կանխավճար մինչեւ 15 տարի եւ 11 տոկոս տոկոսադրույքով վարկ: Մեկ այլ կարեւոր խնդիր եւս արծարծվեց վիճակահանության ժամանակ` ավտոկայանատեղի ունենալու հարցը: 261 բնակարանի համար նախնական նախատեսված է ընդամենը 152-162 մեքենայի տեղ: Այդ տեղերին կարող են հավակնել միայն այն շահառուները, որոնք իրենց կամ իրենց ամուսնու անունով գրանցված ավտոմեքենա ունեն: