Հիմնարկեքի պաշտոնական արարողություն

Հիմնարկեքի պաշտոնական արարողություն

Բազմաբնակարան համալիրի շինարարական աշխատանքներն արդեն սկսված են:

«Մեր նախաձեռնությունը բյուրեղացել եւ ամրացել է մեր ծրագրում ընդգրկված շուրջ 500 շահառու-հայտատուների, ավելի հստակ` 261 համալսարանական բնակարանատերերի կառուցողական առաջարկներով, մտահոգություններով, ցանկություններով եւ, ի վերջո, նաեւ մեր մեկամյա համատեղ աշխատանքով: Ես ուզում եմ այս պահը համարել մեր բոլորի համատեղ աշխատանքի արդյունքը»,- ասում է ԵՊՀ պրոռեկտոր, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախագահ Արսեն Քարամյանը:

Հուլիսի 9-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագրի շրջանակներում կառուցվող բազմաբնակարան համալիրի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին նաեւ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախագահ Արսեն Քարամյանը, ավելի քան 200 շահառուներ` իրենց ընտանիքների անդամներով:

«Ընդհանուր առմամբ բավականին գոհ ենք, քանի որ ներկա պահին, շուկայում գործող գների համեմատ, քառակուսի մետրի դիմաց մեզ առաջարկված գինը ցածր է, իսկ առաջարկված պայմանները` բավականին հարմար: Բնակարանը գործնականում լրիվ պատրաստ է լինելու ապրելու համար: Միակ դժգոհությունը վճարումների հետ է կապված, քանի որ տոկոսադրույքները մեր սպասածից բարձր էին: Եվ մնում է` շենքը ժամանակին հանձընվի շահագործման, եւ նշված պայմաններն ապահովվենա»- ասում է Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դասախոս Գայանե Գայամյանը:’

Շահառուների հիմնական մասը գրեթե նույն կարծիքին է, այսինքն` նախագծից գոհ են, տոկոսադրույքներից` ոչ: «Անչափ գոհ ենք ծրագրից: Եթե այս ընթացքով էլ շարունակվի, այսինքն` բոլոր խոստումներն իրականանան, ամեն ինչ հրաշալի կլինի: Իհարկե, մի քիչ բանկային տոկոսադրույքներն են բարձր, բայց դա, կարծում ենք, կախված չէ մեր ղեկավարությունից կամ ծրագրի նախաձեռնողներից: Հույս ունենանք, որ կկարողանանք մի կերպ հաղթահարել այդ դժվարությունը»,- նշում է ԵՊՀ գիտական գրադարանի աշխատակցուհի Հասմիկ Հայրապետյանը:

Հիմնարկեքի արարողության ընթացքում «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախագահ Արսեն Քարամյանը ողջունեց ներկաներին եւ բոլոր շահառուների անունից շնորհակալական խոսք ուղղեց ծրագրի աջակիցների. «Մեկ տարի առաջ մեկնարկած ծրագիրը, որը հստակ նպատակ ուներ աջակցելու համալսարանականների բնակարանաշինությանը, այսօր մտնում է որակական նոր փուլ: Այսօր տրվում է շինարարական փուլի մեկնարկը: Իր սոցիալական հստակ ուղղվածությամբ այս ծրագիրը բացառիկ է: Այս ամենն իրականացվում է բացառապես ԵՊՀ-ի եւ մեր միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի գործուն աջակցությամբ եւ բարոյական սատարմամբ: Շնորհակալ ենք ծրագրին իրենց աջակցությունը ցուցաբերած ՀՀ կառավարությանը, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին, Կադաստրի պետական կոմիտեին: Շնորհակալական խոսքս եմ ուղղում նաեւ բնակելի համալիրի ճարտարապետ Դավիթ Միրզոյանին եւ շինարարական աշխատանքները ստանձնած «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ին` ի դեմս Վահե Յակուբյանի»: Այնուհետեւ Արսեն Քարամյանն ընթերցեց այն ուղերձը, որը քաղաքապետ Երվանդ Զախարյանը եւ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ներկաների ծափերի ներքո տեղադրեցին համալիրի հիմքում: