Ընտրում են իրենց բնակարանի գույները

Ընտրում են իրենց բնակարանի գույները

ԵՊՀ երիտասարդ դասախոսները նորամուտից առաջ վերջին աշխատանքներն են անում իրենց տան վրա:

Այսօր «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագրի շահառուներին հնարավորություն ընձեռվեց սեփական ճաշակով ձեւավորել իրենց ապագա բնակարանը: ԵՊՀ-ում կազմակերպվել էր ներքին հարդարման շինպարագաների ցուցադրություն: Այն տեւելու է փետրվարի 3-ից 10-ը:

«Մեր իրականության մեջ ոչ հաճախ են լինում այնպիսի դեպքեր, երբ համապատասխան կառույցների` տվյալ դեպքում ԵՊՀ-ի, աշխատակիցները սոցիալական ծրագրի թիրախ են դառնում,- ասում է շահառու, ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի երիտասարդ դասախոս Արմեն Սարգսյանը եւ շարունակում,- ես շատ լավ գիտակցում եմ այն հանգամանքը, որ անհատը անկախ ամեն ինչից երկրի հետ կապված է, բայց երբ դա ամրապնդվում է օջախի կամ տան գոյությամբ, կապվածությունն ավելի է մեծանում: Այս ծրագիրը հայաստանյան պայմաններում խիստ անհավատալի մի բան էր»: Երիտասարդ համալսարանականներն ընտրում էին իրենց տան դռները` տարբեր ձեւերի եւ գույների, մանրահատակը, մինչեւ անգամ սենյակների պատերի գույնը: Չնայած ոմանց կողմից որոշ դժգոհություններ եղան տեսականու պակասի հետ կապված, սակայն հայկական բնավորությունը ստիպեց հարմարվել:

Ծրագրի իրավախորհրդատու Արմեն Թադեւոսյանի տեղեկացմամբ, համապատասխան շինանյութը տրամադրել է այն կազմակերպությունը, որն իրականացնում է շինարարական աշխատանքները: Շահառուներին ընտրության հարցում օգնելու էին եկել նաեւ նրանց ընտանիքի անդամները, ընկերները: ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Նարեկ Գալստյանն ասում է, որ այս բնակարանը շատ անհրաժեշտ էր, որովհետեւ լինելով մարզից եւ աշխատելով մայրաքաղաքում` կանգնած էր բնակարակային խնդրի առաջ: Չնայած գումարային ծախսերն հոգալու համար ստիպված է 4 տեղ աշխատել, բայց հանուն վերջնական նպատակի չի դժգոհում: Բնակարանային «մարաթոնում» երիտասարդ շահառուների հաջորդ քայլը կլինի բնակարանամուտը, որը սարերի ետեւում չէ` 2010 թվականի օգոստոսին: