Կառուցվում է նոր բազմաբնակարանային համալիր

«ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության Նախագահ, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության հոգաբարձուների խորհրդի նախագահ պարոն Ս. Սարգսյանի բարձր հովանու ներքո մեկնարկում է «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» սոցիալական ծրագրի երկրորդ փուլը:

Նախատեսվում է Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեում (Բուսաբանական այգու հարևանությամբ) կառուցել նոր բազմաբնակարան շենքային համալիր: Համալիրն ունենալու է երկսենյականոց եւ երեքսենյականոց շուրջ 90 բնակարաններ` 1քմ-ը 180000 ՀՀ դրամ արժողությամբ: Բնակարանային համալիրի շինարարությունը մեկնարկելու է 2010 թ. ապրիլի 10-ին և նախատեսվում է ավարտել 2012 թ. հոկտեմբերին:

Հաշվի առնելով այն, որ երիտասարդ գիտամանկավարժական համակազմի բնակարանային խնդրի լուծումն արդիական է ոչ միայն Երևանի պետական համալսարանի, այլև Հայաստանի Հանրապետության մյուս պետական բուհերի երիտասարդ մասնագետների համար, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության հոգաբարձուների խորհրդի կողմից որոշում է կայացվել կառուցվող բազմաբնակարան շենքում մատչելի բնակարան ձեռք բերելու հնարավորություն ընձեռել նաև Հայաստանի Հանրապետության այլ պետական բուհերի երիտասարդ մասնագետներին:

Կառուցվող բազմաբնակարան շենքի նկարագիրը. Բազմաբնակարան շենքը մոնոլիտ-երկաթբետոնե է, բազալտի և տրավերտինի արտաքին սալիկապատմամբ: Այն ունի 12 բնակելի հարկ, յուրաքանչյուր հարկում 7 բնակարան (բաց խոհանոցներով)` երկսենյականոց` 70-77քմ մակերեսով և երեքսենյականոց` 109-113քմ մակերեսով: Շենքն ունենալու է երեք վերելակ` մեկ բեռնատար և երկու մարդատար: Շենքի բակում կառուցվելու է կանաչապատ հանգստի գոտի և մանկական խաղահրապարակ: Կառուցվող շենքի բնակիչները հնարավորություն ունեն ձեռք բերելու նաև ստորգետնյա ավտոկայանատեղեր և հասարակական սպասարկման տարածքներ Ծարավ Աղբյուրի 55/5 հասցեում «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից այս ծրագրի առաջին փուլում կառուցված բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքում:

Կառուցվող բնակարանների նկարագիրը.

  • Կառուցվող բնակարանների հատակը մանրահատակ է,
  • Սանհանգույցը սալիկապատված է,
  • Բնակարանների ներքին բաժանումներն իրականացվում են համաձայն բնակելի շինության ճարտարապետական գլխավոր նախագծի,
  • Բնակարանների կոսմետիկ հարդարումը կատարվում է շինարարական կազմակերպության կողմից ներկայացված տարբերակներից շահառուի ընտրությամբ,
  • Պատերի գույնի ընտրությունը կատարվում է շինարարական կազմակերպության կողմից ներկայացված տարբերակներից շահառուի կողմից,
  • Մուտքի դուռը` երկաթյա, ներբնակարանային դռների և մանրահատակի փայտի տեսակը` հաճար,
  • Պատուհանները` մետաղապլաստ,
  • էլեկտրականության մոնտաժն իրականացվում է բնակելի շինության էլեկտրամատակարարման աշխատանքային նախագծի համաձայն,
  • Էլեկտրական հանգույցները` տեղադրված,
  • Ջեռուցման համակարգի մոնտաժը` կատարված` առանց սարքավորումների,
  • Սանհանգույցի հատակը` տաքացվող,
  • Շենքը` գազիֆիկացված:

Ձեռքբերվող բնակարանի արժեքի վճարման կարգը. Շահառուի հետ կնքվող բնակարանի առուվաճառքի նախնական պայմանագրի համաձայն` սահմանվում է շահառուի կողմից ձեռքբերվող բնակարանի արժեքի վճարման հետևյալ կարգը.նախնական վճարում` բնակարանի առուվաճառքի նախնական պայմանագիրը կնքելուց հետո 10 օրվա ընթացքում` բնակարանի արժեքի 35 տոկոսի չափով, առաջին միջանկյալ վճարում` բնակարանի առուվաճառքի նախնական պայմանագիրը կնքելուց հետո 8 ամսվա ընթացքում` բնակարանի արժեքի 30 տոկոսի չափով, երկրորդ միջանկյալ վճարում` բնակարանի առուվաճառքի նախնական պայմանագիրը կնքելուց հետո 16 ամսվա ընթացքում` բնակարանի արժեքի ևս 20 տոկոսի չափով, վերջնական վճարում` բնակարանի հանձնման-ընդունման ակտը ստորագրելուց հետո 7 օրացուցային օրվա ընթացքում` բնակարանի արժեքի 15 տոկոսի չափով:

Ծրագրի հնարավոր շահառուների խմբում ընդգրկվելու պայմանները. Ծրագրի հնարավոր շահառուներ կարող են դառնալ մինչև 35 տարեկան, գիտական աստիճան ունեցող, առնվազն երեք տարի տվյալ պետական բուհում հիմնական գիտամանկավարժական աշխատանք կատարող, ամուսնացած և բնակարանի կարիք ունեցող մասնագետները: Ծրագրի շահառուների խմբում ընդգրկվելու համար պահանջվող փաստաթղթերը:

Ծրագրի հնարավոր շահառուների խմբում ընդգրկվելու համար շահառուի կողմից անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • բնակարանային կարիքավորության մասին դիմում-բացատրագիր` հասցեագրված «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահին, որում անպայման պետք է նշել բնակարանի մակերեսային նախընտրությունը, -շահառուի մասնակցության վերաբերյալ երաշխավորագիր` տրված տվյալ բուհի ռեկտորի կողմից,
  • շահառուի անձնագրի պատճենը, -տեղեկանք աշխատավայրից` շահառուի կողմից տվյալ բուհում զբաղեցրած պաշտոնի և աշխատանքային ստաժի վերաբերյալ,
  • շահառուի գիտական աստիճան ունենալու փաստը հաստատող փաստաթուղթ,
  • ամուսնության վկայականի պատճենը, -տեղեկանք ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական կենտրոնից (ք. Երևան, Կոմիտասի պող. 35/2) Հայաստանի Հանրապետության տարածքում շահառուին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վերաբերյալ,
  • տեղեկանք բնակության վայրից շահառուի ընտանիքի կազմի վերաբերյալ:

Այս ծրագրի շրջանակներում առկա հնարավորությունների սահմաններում ՀՀ պետական բուհերին տրվել են համապատասխան չափաբաժիններ: ՀՀ պետական բուհերին տրամադրվող յուրաքանչյուր բնակարանի համար անհրաժեշտ է ներկայացնել ծրագրի պայմաններին համապատասխանող առնվազն 2 հնարավոր շահառուների թեկնածություն, որոնց կազմից արդեն բնակարան ձեռք բերող շահառուները կընտրվեն «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից անցկացվող հրապարակային վիճակահանությամբ: «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից արգելվելու է փաստաթղթային փաթեթը ներկայացրած, սակայն ծրագրի պահանջներին չհամապատասխանող թեկնածուների մասնակցությունը հրապարակային վիճակահանությանը:

«ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԾԱՐԱՎ ԱՂԲՅՈՒՐԻ 55/6 ՀԱՍՑԵՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ տես կից ֆայլում: