Տակավին վերջերս` ապրիլի 9–ին, Երևանի Ավան վարչական շրջանում շահագործման հանձնված բնակարանային համալիրը, որը նախատեսված է երիտասարդ համալսարանականների համար, արդեն հասցրել է իր վրա զգալ բարբարոսության ձեռագիրը:
Նկարներում պատկերվածը խոսում է այն մասին, որ դարն էլ երևի քիչ է ոմանց նկարագիրը փոխելու համար: Երբ սովետները բնակարանային համալիրներ էին կառուցում և այնտեղ բնակեցնում հիմնականում գյուղական ծագում ունեցող բանվոր դասակարգի ներկայացուցիչներին, և երբ նրանք ավերում էին իրենց նվիրաբերված շենքերի մուտքերն ու վերելակները, կարծիք էր հայտվում, թե գյուղից են եկել` պետք է ավերեն, կամ խորհրդային կարգերի դեմ պայքարի յուրօրինակ ձև են ընտրել: Հիմա ովքե՞ր են բնակարանների սեփականատերերը. հողի հետ կռիվը թարգած և քաղաքի գործարաններում աշխատելու եկած «գեղցիները» (գյուղացին այլ հասկացություն է, և մարդու ծագումը, բնավ, կապ չունի նյութի հետ), թե՞ մտավորականության ներկայացուցիչները, ովքեր հասարակության դեմքը փոխելու «հավակնություններ» ունեն:
Ինչի՞ մասին ենք խոսում, երբ մտավորականության ներկայացուցիչներն են վանդիալիզմով զբաղվում: Ինչպե՞ս կարող ենք բարեկեցիկ երկիր կառուցել այն դեմքում, երբ մայրաքաղաքի բնակարանային համալիրների մեծագույն մասը մուտք գործելուց և վերելակով բարձրանալուց միայն նողկանք ես ապրում, նողկանք մարդկային մտածելակերպի, հասարակական, լավ գոնե հարևանային պարկեշտության տարրական կանոնները չպահպանելու փաստի առթիվ: Երևի մեր ազգային հոգեկերտվածքի մասն է կազմում այն, որ խոսում ենք ժողովրդավարությունից, քաղաքացիական հասարակություն կերտելուց, բարեկեցիկ ապագա կառուցելուց, բայց միայն մեր բնակարաններում ենք բարեկեցություն ապահովում, որպես մտավորականներ Ժան Ժակ Ռուսսոյի «հանրային դաշինքից» ենք խոսում, բայց բնակարանային հարթակում երկու կամ երեք հարևաններով չենք կարողանում պայմանավորվել լամպը փոխելու կամ ամբողջ հարթակը մաքուր պահելու հարցում, իսկ չավերելու մասին խոսելն անգամ ավելորդ է:
Ովքեր եղել են Ճապոնիայում, հաստատ նկատել են մի բան, որ այդ երկրում ամեն ինչ գեղեցիկ է, ամեն ինչ տրամաբանորեն շաղկապված է աչքի համար, այլ կերպ ասած` ներդաշնակություն է տիրում: Դա է ճապոնացու կենցաղը, որը բխում է նրա հոգեվիճակից: Երբ Ֆ. Դոստոևսկին ասում էր «գեղեցկությունը կփրկի աշխարհը», ինկատի չուներ ծաղկի կամ կանացի գեղեցկությունը, այլ ներդաշնակությունը, տարրական կարգուկանոնը: Իհարկե, Ճապոնիան հեռու է, ճապոնացիներն էլ այլ քաղաքակրթական արժեքների կրող, և մեր երկրի ամեն քաղաքացու չէ բախտ վիճակված ծագող արևի երկրում լինել, սակայն Ստեփանակերտը այդքան էլ հեոռւ չէ, և այնտեղ էլ մեր նման հայեր են ապրում:
Երբ քայլում ես Ստեփանակերտի փողոցներով և մաքրության, քաղաքի հանդեպ տարրական սանիտարական վերաբերմունքի մասով համեմատական ես անցկացնում Երևանի հետ, սկսում ես կարմրել և մտորել: Պատճառը երևի թե այն է, որ այդ քաղաքն ու իր բնակիչները պատերազմ են տեսել, եղել է մի պահ, որ օրերերի հարց է եղել քաղաքը լքելը և վտարանդիության ճանապարհը բռնելը, ուստի և իրենց համար քաղաքը` փողոցներով, հրապարակներով, շենքերով և դրանց վերելակներով ու նկուղներով, արժեք է հանդիսանում: Իսկ ցանկացած երևույթ արժեք է, երբ դրսևորվում է վարվելակերպի կանոներում` կենցաղում, հակառակը չի լինում: Իսկ որն է մեր հոգեվիճակը և դրանից բխող կենցաղը` շահագործման հանձնված նոր համալիրը քանդե՞լը: Չէ՞ որ դա բացատրություն չունի, չէ՞ որ սովետների երկրի դեմ չենք պայքարում, մենք` ինքներս ենք վճարել այդ բնակարանների համար, չէ՞ որ մտավորականներ ենք, այլ ոչ թե ռամիկ-պարոններ, որոնց մասով ժողովրդական բանահյուսությունն ասում է` «խոզին խալին ի՞նչ կանի…»
Իսկ ո՞րն է ելքը: Հռչակավոր ֆրանսիացի գրող Անտուան դե Սենտ Էկզյուպերին մի «աղոթք» ունի, որն սկսվում է «Աստված իմ, ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ ամեն օրվա համար: Սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստին…» տողերով: Ելքը, թերևս, մեկն է. Ազատ, Անկախ, Միացյալ Հայաստան կերտելու գաղափարը պետք է սկսել հենց մեր ունեցած հողը շենացնելուց, նրա վրա կառուցած մեր բնակարանային համալիրների ընդհանուր մաքրությունն ապահովելուց, թշնամու գլուխը կտրելուց առաջ ճիպոտով մեր շենքի ընդհանուր օգտագործման հարթակներն ու ենթակառուցվածքները քանդողների ձեռքերը դաղելուց: Սա է փոքրիկ քայլերի արվեստը:
Միհրան Հակոբյան