Հարցազրույց «Էյ Դի Էյ Թեք» շինարարական կազմակերպության տնօրեն Վահրամ Մելքումյանի հետ:
«ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը, ՀՀ Նախագահ, ԵՊՀ շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սագսյանի հովանու ներքո նախաձեռնել է «Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին և սպորտսմեններին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/8 հասցեում կառուցել բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիր:
Բազմաբնակարան համալիրի շինարարությունն արդեն իսկ մեկնարկել է, ինչի կապակցությամբ մի քանի հարց ուղղեցինք շինարարական աշխատանքներն իրականացնող «Էյ Դի Էյ Թեք» ընկերության տնօրեն Վահրամ Մելքումյանին:
— Պարոն Մելքումյան, խնդրում եմ մի փոքր ներկայացնեք շինարարական աշխատանքների ընթացքը:
— Չնայած վերջին օրերի վատ եղանակային պայմաններին, Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/8 հասցեում երիտասարդ ընտանիքների համար կառուցվող բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքները մեկնարկել են: Ներկայումս լայն թափով իրականացվում են բազմաբնակարան շենքի հիմքերի փորման հողային աշխատանքները: Կատարվել են հողամասի գեոդեզիական և հանքաերկրաբանական հետազոտություններ, որոնց արդյունքները գոհացուցիչ են: Միաժամանակ ավարտին են մոտենում շինարարական հրապարակի կահավորումը և պարսպապատումը:
— Ձեր գնահատմամբ, երբ կավարտվեն բազմաբնակարան շենքի հիմքերի փորման հողային աշխատանքները և կսկսվի հիմնակմախքի կառուցումը:
— Ըստ մեր և ԵՊՀ շրջանավարտների միավորում հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Քարամյանի միջև ստորագրված շինարակական աշխատանքների ժամանակացույցի, հողային աշխատանքները նախատեսվում է ավարտել մարտ ամսվա վերջերին և եթե եղանակային պայմանները չլինեն խիստ անբարենպաստ նշված ժամանակահատվածում մենք այն կավարտենք և ձեռնամուխ կլինենք շենքի հիմնակմախքի հիմքային հատվածի կառուցման աշխատանքների իրականացմանը:
— Ծրագրի շահառուների կողմից հիմնականում հնչող հարցադրումը վերաբերում է շենքի կառուցման որակական ցուցանիշներին և շինարարական աշխատանքների տևողությանը.
— Ուզում եմ վստահեցնել, որ շինարարական աշխատանքները կավարտվեն նախանշված ժամանակին: Ինչ վերաբերում է շենքի որակական ցուցանիշներին ապա այն լինելու է բավականին որակյալ, ունենալու է մինչև 9 բալ սեյսմիկ կայունություն: Շինարարության ընթացքում օգտագործվելու են բարձրորակ շինանյութեր և ներքին հարդարման պարագաներ: Հարկ է նկատել, որ ինչպես մեր, այնպես էլ ԵՊՀ շրջանավարտների միավորում հասարակական կազմակերպության և իրավասու պետական մարմինների կողմից իրականացվելու է շինարարության ամենօրյա համալիր տեխնիկական, ինչպես նաև հեղինակային հսկողություն, ինչը մեծապես նպաստելու է շինարարության պատշաճ որակի ապահովմանը:
— Պարոն Մելքումյան իսկ շինարարական աշխատանքների ընթացքում հնարավոր է ներդնել նաև հանրային վերահսկողության մեխանիզմներ, ինչը շահառուներին հնարավորություն կընձեռնի հետևելու շինարարական աշխատանքների ընթացքին:
— Ուզում եմ ընդգծել, որ այդ հարցը ըստ էության գտնվում է ԵՊՀ շրջանավարտների միավորման որոշման տիրույթում, բայց մենք էլ մեր հեթին կողմ ենք հանրային վերահսկողության իրականացմանը, սակայն միաժամանակ գտնում ենք, որ այն պետք է կրի համակարգված բնույթ: Շինարակական հրապարակն առավել վտանգավորություն ունեցող վայր է և այնտեղ կարելի է մուտք գործել միայն հատուկ արտահագուստ և պաշտպանիչ գլխարկ կրելուց հետո: ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից նախորդ ծրագրերի ժամանակ ես գիտեմ, որ նման այցելություններ կազմակերպվել են: Կարծում եմ, որ այս դեպքում ևս կիրականացվեն: Սակայն նորից եմ կրկնում այն պետք է կրի խիստ կազմակերպված բնույթ:
— Վերջում ուզում եմ հաջողություն ցանկանալ շինարարության ընթացքին և մաղթել արգասաբեր աշխատանք:
— Շնորհակալ եմ: Ի գործ և աստված օգնական մեզ: