Մեկնարկում է նոր բնակարանաշինական ծրագիր

«Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը, Հայաստանի Հանրապետության Նախագահ, Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո նախատեսում է իրականացնել «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագիրը:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի 55/8 հասցեի հարակից տարածքում կառուցել ժամանակակից ճարտարապետական լուծումներով բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիր, որի բնակարանները շուկայականից անհամեմատ ցածր գներով տրամադրվելու են Երևան քաղաքում գործող բանկերում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում և հեռահաղորդակցության օպերատորական կազմակերպություններում աշխատող երիտասարդ մասնագետներին: Բնակելի համալիրն ունենալու է երկու, երեք և չորսսենյականոց բնակարաններ` 1 քմ-ը` 185000 ՀՀ դրամ արժողությամբ: Բնակարանները շահառուներին հանձնվելու են ամբողջությամբ վերանորոգված վիճակում և միանգամայն պիտանի բնակության համար: Բնակելի համալիրի շինարարությունը մեկնարկելու է 2012թ. հուլիսի 1-ին և նախատեսվում է ավարտել 2014թ. հունիս -հուլիս ամիսներին: Բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքը լինելու է մոնոլիտ-երկաթբետոնյա: Այն ունենալու է 13 բնակելի հարկ, ինչպես նաև ստորգետնյա ավտոկայանատեղեր: Յուրաքանչյուր շքամուտքում լինելու է երկու վերելակ: Բնակելի համալիրն ունենալու է ժամանակակից արտաքին լուսավորություն, իսկ շենքի հարակից տարածքն ամբողջությամբ բարեկարգվելու է, նորացվելու են կոմունիկացիոն համակարգերը, կառուցվելու են մանկական խաղահրապարակներ և կանաչապատ հանգստի գոտիներ:

Բնակելի համալիրի առաջին հարկն օգտագործվելու է հասարակական սպասարկման նպատակով (առևտրի, կենցաղ-սպասարկման կենտրոններ, ցուցասրահներ և այլն): Կառուցվող բնակարանների նկարագիրը հետևյալն է` — բնակարան(ներ)ի հատակը` մանրահատակ (փայտի տեսակը` հաճար) կամ լամինատե (ըստ շահառուի ընտրության), — սանհանգույցը սալիկապատված է, — բնակարան(ներ)ի ներքին բաժանումներն իրականացվում են բնակելի շինության ճարտարապետական գլխավոր նախագծի համաձայն, — բնակարան(ներ)ի կոսմետիկ հարդարումը կատարվում է տիպային 5 բնակարաններին համապատասխան, — բուտքի դուռը` երկաթյա, ներբնակարանային դռների փայտի տեսակը` հաճար կամ ՄԴՖ (ըստ շահառուի ընտրության), — պատուհանները` մետաղապլաստ (շագանակագույն), — էլեկտրականության մոնտաժն իրականացվում է բնակելի շինության էլեկտրամատակարարման աշխատանքային նախագծի համաձայն, — էլեկտրական հանգույցները` տեղադրված, — ջեռուցման համակարգի մոնտաժը` կատարված` առանց սարքավորումների, — շենքը` գազիֆիկացված:

Ձեռքբերվող բնակարանի արժեքի վճարման համար մեր կազմակերպության կողմից առաջարկվում են հետևյալ երեք տարբերակները.

1. ԲՆԱԿԱՐԱՆԻ ԱՐԺԵՔԻ ՎՃԱՐՈՒՄԸ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ Բնակարանի արժեքի վճարումը հիփոթեքային վարկավորման միջոցով նախընտրելու դեպքում սահմանվում է հետևյալ պայմանները` 20% կանխավճար, 15-20 տարի մարման ժամկետ, տարեկան մինչև 10% տոկոսադրույք, անուիտետային մարման գրաֆիկ, ձեռքբերվող և/կամ այլ անշարժ գույքի գրավադրում.

2. ԲՆԱԿԱՐԱՆԻ ԱՐԺԵՔԻ ՎՃԱՐՈՒՄԸ ԿԱՆԽԻԿ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ Բնակարանի արժեքի կանխիկ վճարման տարբերակը նախընտրելու դեպքում շահառուի հետ կնքվող բնակարանի առուվաճառքի նախնական պայմանագրի համաձայն` սահմանվում է շահառուի կողմից ձեռքբերվող բնակարանի արժեքի վճարման հետևյալ կարգը. — նախնական վճարում` բնակարանի առուվաճառքի նախնական պայմանագիրը կնքելուց հետո 10 օրվա ընթացքում` բնակարանի արժեքի 30 տոկոսի չափով, — առաջին միջանկյալ վճարում` բնակարանի առուվաճառքի նախնական պայմանագիրը կնքելուց հետո 8 ամսվա ընթացքում` բնակարանի արժեքի 30 տոկոսի չափով, — երկրորդ միջանկյալ վճարում` բնակարանի առուվաճառքի նախնական պայմանագիրը կնքելուց հետո 16 ամսվա ընթացքում` բնակարանի արժեքի 25 տոկոսի չափով, — վերջնական վճարում` բնակարանի հանձնման-ընդունման ակտը ստորագրելու մասին ծանուցում ստանալուց հետո 7 օրացուցային օրվա ընթացքում` բնակարանի արժեքի 15 տոկոսի չափով:

3. ԲՆԱԿԱՐԱՆԻ ԱՐԺԵՔԻ ՎՃԱՐՈՒՄԸ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ԲԱՇԽՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ Շահառուն կարող է նաև բնակարանի արժեքը վճարել համաձայն հաստատված ժամանակացույցի` պայմանագրով սահմանված շինարարության ամբողջ տևողության ընթացքում ըստ ամիսների հավասարաչափ բաշխված գումար վճարելու ձևով: Ծրագրի հնարավոր շահառուներ կարող են դառնալ մինչև 35 տարեկան, ամուսնացած, առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող, բնակարանի կարիքավոր (Երևան քաղաքում բնակարան չունեցող կամ բնակարանային պայմանների բարելավման հրատապ անհրաժեշտություն ունեցող) Երևան քաղաքում գործող բանկերում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում և հեռահաղորդակցության օպերատորական կազմակերպություններում աշխատող երիտասարդ մասնագետները:

Ծրագրի հնարավոր շահառուների խմբում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը. — բնակարանային կարիքավորության մասին մասնակցության հայտ` հասցեագրված «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահին (կարող է լրացվել նաև տեղում), — դիմումատուի մասնակցության վերաբերյալ երաշխավորագիր` տրված կազմակերպության ղեկավարի կողմից, — դիմումատուի անձնագրի պատճենը, — դիպլոմի պատճենը, — տեղեկանք աշխատավայրից` դիմումատուի զբաղեցրած պաշտոնի և աշխատանքային ստաժի վերաբերյալ, — տեղեկանք ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական կենտրոնից (ք. Երևան, Կոմիտասի պող. 35/2) Հայաստանի Հանրապետության տարածքում դիմումատուին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վերաբերյալ, — տեղեկանք բնակության վայրից դիմումատուի ընտանիքի կազմի վերաբերյալ: Յուրաքանչյուր ընտանիքից ծրագրին կարող է մասնակցել միայն մեկ շահառու: Ծրագրի շահառուների ընտրությունը, ինչպես նաև հրապարակային վիճակահանության միջոցով բնակարանների բաշխումն իրականացվում է Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման կողմից: Միավորման կողմից չեն քննարկվելու ծրագրի պահանջներին չհամապատասխանող թեկնածուների ներկայացրած փաստաթղթային փաթեթները: Ծրագրին մասնակցելու դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպություն (ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, 604 սենյակ): Բազմաթիվ քաղաքացիների խնդրանքով դիմումների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2012 թ. մայիսի 7-ը: