Այսօր կատարվեց «Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին եւ սպորտսմեններին» ծրագրի ծրջանակներում կառուցվող շենքի հիմնարկեքի արարողությունը:
Երիտասարդ ընտանիքների համար այնքան սպասված օրը նրանց էր միացել նաեւ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը: Ծրագիրն իրականացնում է «ԵՊՀ շրջանավարտների միավորումը»: Բազմաբնակարան շենքը գտնվում է Ավան վարչական շրջանի Ծարավ աղբյուրի 55/8 հասցեում` համարյա այն շենքի հարեւանությամբ, որտեղ բնակվում են երիտասարդ համալսարանականները` նույն ծրագրի շրջանակներում: Կառուցվելիք շենքում շուկայականից ցածր պայմաններով բնակարանով կապահովվեն 78 լրագրող, 17 սպորտսմեն, 137 մանկավարժ եւ 106 բժիշկ:
«Այս բնակարանը մեզ անհրաժեշտ է այնքանով, որ 6 հոգով բնակվում էինք 3 սենյանակոց բնակարանում` ծնողների հետ»,- ասում է շահառուներից երիտասարդ բժիշկ Գայանեն եւ հավելում,- կարծում եմ` սա ներկայում գոյություն ունեցող հնարավորություններից ամենամատչելին է: Հուսով ենք` կկարողանանք եւ վարկը մարել, եւ ընտանիքի բարեկեցությունն ապահովել»:
Շինարարությունը նախատեսված է ավարտել 2013 թ-ի դեկտեմբերին: Իսկ այսօր տեր Շահե քահանայի օրհնությամբ շենքի հիմքում դրվեց հիմնարկեքի սափորը, որում գրված էր նաեւ, թե ինչ ծրագրով է կառուցվում բնակարանը: Բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքը լինելու է մոնոլիտ-երկաթբետոնյա: Այն ունենալու է 13 բնակելի հարկ` 2, 3 եւ 4 սենյականոց բնակարաններով, ինչպես նաեւ 120 ավտոմեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի: Յուրաքանչյուր մուտքում լինելու է 2 վերելակ: Երիտասարդ լրագրողի ընտանիքն էլ մինչ այժմ ապրում էր 1 սենյականոց նեղլիկ բնակարանում, որը աճող ընտանիքի համար շատ փոքր է: Նրանք վաճառել են բնակարանը եւ վճարել նոր կառուցվելիքի կանխավճարը. «Մտածում էինք բնակարանը փոխելու մասին, եւ այս ծրագիրը շատ լավ տարբերակ էր»:
Նշենք, որ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 6 մլրդ դրամ: Շենքի հարակից տարածքը բարեկարգվելու է, կատուցվելու են մանկական խաղահրապարակներ, կանաչապատ հանգստի գոտիներ եւ ծառուղիներ: Կապահովվի նաեւ արտաքին լուսավորությունը: Առաջիկայում «ԵՊՀ շրջանավարտների միավորումը» նախատեսում է մեկնարկել եւս մեկ ծրագիր, որի շահառուները կլինեն Երեւանում գործող բանկերում, ապահովագրական ընկերություններում, ՏՏ ոլորտում եւ հեռահաղորդակցության օպերատորական կազմակերպություններում աշխատող երիտասարդ մասնագետները: