Բնակարանների շահառուները այցելեցին շինհրապարակ

Բնակարանների շահառուները այցելեցին շինհրապարակ

Այսօր «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի աջակցությամբ կազմակերպվել էր Պարույր Սեւակի 8 հասցեում կառուցվող բնակարանային համալիրի շահառուների այց շինհրապարակ:

Շինարարությունն իրականացնում է «Մոդերն բիլդինգս» ընկերությունը: Տնօրեն Գարեգին Հակոբյանի եւ ԵՊՀ շրջանավարտների միավորման հասարակայնության հետ կապերի պատասխանատու Կարեն Գրիգորյանի ուղեկցությամբ շահառուները շրջեցին շինհրապարակի ամբողջ տարածքում:

Շինարարությունն իրականացնող ընկերության տնօրենը մանրամասն ներկայացրեց շինարարության ամբողջ ընթացքը:

Շահառուները շրջայցի ընթացքում իրենց դժգոհությունները ներկայացրին շինարարական ընկերությանը` աշխատանքների տեմպերի անբավարար լինելու կապակցությամբ, ինչին ի պատասխան Գարեգին Հակոբյանը նշեց, որ կառուցապատման ժամկետների հետաձգում կլինի, սակայն իրենց առաջ դրված խնդիրը մեկն է` աշխատանքները կատարել բարձր որակով:

ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Ալլա Ալեքսանյանին էլ մտահոգում է այն, որ որ շենքը դանդաղ են կառուցում, այդ պատճառով բոլոր այն շահառուները, ովքեր պետք է հիփոթեքային տարբերակով բնակարանը գնեն, առայժմ չունեն պայմանագիր եւ վստահություն, որ այդ վարկը կստանան:

«Բնակարանները պատրաստ կլինեն 2013 թ-ի օգոստոս ամսին: Իսկ փետրվարի 1-ից կսկսվեն ներքեւի հարկերի ներքին հարդարման աշխատանքները»,- վստահեցրեց Գարեգին Հակոբյանը:

Մարտի վերջին համանման շրջայց կկազմակերպվի:

Հիշեցնենք, որ բազմաբնակարան շենքերի կառուցման ավարտին 262 երիտասարդ ընտանիքներ կստանան բնակարան: «Մատչելի բնակարան` երիտասարդ գիտնականներին եւ ստեղծագործական միությունների անդամներին» սոցիալական բնակարանային ապահովության ծրագիրն իրականացնում է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը: