Այսօր Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի 55/17 հասցեում կատարվեց նոր բազմաբնակարան համալիրի հիմնարկեքի արարողությունը:
Այն կառուցվում է «Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ի կողմից իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում: Համալիրի առաջին շենքի հիմքում խորհրդանշական պարկուճի տեղադրման գործը վստահված էր Վահե Եգորյանի եւ Տաթեւիկ Չիլինգարյանի փոքրիկ ընտանիքին:
«Բնակարան ձեռք բերելու անհրաժեշտությունը շատ մեծ էր, որովհետեւ մենք 3 լիարժեք ընտանիքով մեկ տան մեջ ենք ապրում: Դրա համար էլ որոշեցինք դիմել այս ծրագրին»,- ասում է Տաթեւիկը: Հիմնարկեքի օրհնության կարգը կատարեց տեր Շահե քահանա Հայրապետյանը: Նորաթուխ բնակարանատերերին շնորհավորելու էին եկել նաեւ երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրոն) «Սասնա ծռեր» պարախմբով եւ «Երեւան» փողային նվագախումբը: Բնակարանները շուկայականից գրեթե կրկնակի ցածր գներով տրամադրվելու են տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության օպերատորական կազմակերպությունների եւ բանկային համակարգի երիտասարդ մասնագետներին:
Բնակելի համալիրը բաղկացած է լինելու 7 մասնաշենքերից եւ ունենալու է 490 բնակարան: Շենքի շինարարությունը մեկնարկել է այս տարվա փետրվարի 1-ից: Ըստ նախատեսվածի` երիտասարդ ընտանիքներն իրենց բաղձալի բնակարանը կստանան 2015 թ-ին: «Բավականին լուրջ քայլ է այսպիսի բեռի տակ մտնելը, բայց Հայաստանի շուկայական պայմանների համեմատ մատչելի է»,- ասում է մասնագիտությամբ ծրագրավորող շահառուներից մեկը` Կարեն Դավթյանը, ով կնոջ, երկու երեխաների եւ ծնողների հետ ապրում է վարձով բնակարանում:
Շահառուներից Անի Դանիելյանն ասում է, որ իրենց համար թե՛ պայմանները, թե՛ ֆինանսական կողմը մատչելի են. «Սովորաբար նորակառույց շենքերում այսպիսի գնով բնակարան հնարավոր չէ ձեռք բերել: Մենք նորաստեղծ ընտանիք ենք, եւ դժվար է բնակարան ձեռք բերելը: Այս պահին շատ երկար ենք սպասել. հուսով եմ` 2 տարուց արդեն մեր բնակարան կտեղափոխվենք»: Նշենք, որ բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքը լինելու է մոնոլիտ երկաթբետոնյա: Այն ունենալու է 14 բնակելի հարկ` երկու, երեք եւ չորսսենյականոց բնակարաններով, ինչպես նաեւ ստորգետնյա ավտոկայանատեղիներ` նախատեսված 116 ավտոմեքենաների համար: Յուրաքանչյուր մուտքում լինելու է 2 վերելակ: Շենքի հարակից տարածքն ամբողջությամբ բարեկարգվելու է, նորացվելու են կոմունիկացիոն համակարգերը, կառուցվելու են մանկական խաղահրապարակներ, կանաչապատ հանգստի գոտիներ եւ ծառուղիներ:
Բնակարանաշինական ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 10.5 մլրդ ՀՀ դրամ: Ծրագրի իրականացման արդյունքում առաջիկա 28 ամիսների ընթացքում կստեղծվեն ավելի քան 900 աշխատատեղեր:
Ի դեպ, ավելի ուշ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախագահ Արսեն Քարամյանը լրագրողների հետ շրջայց կատարեց արդեն շինարարության ընթացքի մեջ գտնվող 3 համալիրների շինհրապարակներում:
Ավան-2 համաբուհական շենքը (98 բնակարաններով) շահագործման կհանձնվի 2013 թ-ի ապրիլին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում երիտասարդ գիտնականների եւ ստեղծագործողների համար նախատեսված համալիրը (273 բնակարաններով)` 2013 թ-ի աշնանը, իսկ Ավան վարչական շրջանում երիտասարդ լրագրողների, բժիշկների, մանկավարժների եւ մարզիկների համար նախատեսված համալիրը (338 բնակարաններով) 2014 թ-ի մարտին: