Ինչպես նախապես տեղեկացրել էինք «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» բնակարանային ապահովության համաբուհական ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքները նախատեսված էր ավարտել 2013թ. օգոստոսի 15-ին:
Վերջին ամիսների ընթացքում շինարարական աշխատանքներն իրականացնող «Ի Էմ Էյջ Քոնսթրաքշըն» փակ բաժնետիրական ընկերության կողմից դրսևորված անպատասխանատու գործելաոճի արդյունքում շենքի կառուցման շինարարական աշխատանքները մինչ օրս չեն ավարտվել (շենքում չկատարված աշխատանքները կազմում են ընդհանուր ծավալի 3 տոկոսը), սակայն շինարարությունն ավարտին հասցնելու նպատակով մեր միավորման կողմից համալիրի կառուցման պայմանագրային արժեքը վճարվել է ամբողջությամբ (չնայած այն հանգամանքին, որ ծրագրի շահառուների մեծամասնությունը չեն վճարել իրենց բնակարանների ամբողջ արժեքը):
Բնակարանաշինական ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում ԵՊՀ շրջանավարտների միավորումը մեծ պատասխանատվությամբ է մոտեցել ծրագրի շահառուների իրավունքներին և օրինական շահերին՝ դրանք հավուր պատշաճի ներկայացնելով շինարարական կազմակերպության և այլ մարմինների հետ հարաբերություններում:
Մենք մշտապես համարել ենք, որ նման բնույթի սոցիալական բնակարանաշինական ծրագրի հաջողության գրավականը եղել և մնում է շահառուների հետ ակտիվ համագործակցությունը, նրանց հետ համատեղ և համակարգված աշխատանքը, ինչը մեր գնահատմամբ ստացվել է և շատ շուտով կտա իր արգասաբեր արդյունքը:
Այդ տեսանկյունից, ծրագրի առավել քան ազնիվ նպատակների և առաքելության անհարկի շահարկումները համարում ենք անտրամաբանական և ուղղորդված, ինչի պատճառով մեր հարգարժան շահառուներին հորդորում ենք զինվել համբերությամբ և զերծ մնալ ծրագրի տարաբնույթ և անհիմն շահարկումներից:
Հավատացնում ենք, որ մեր կողմից նպատակաուղղված աշխատանքներ են տարվում հնարավորինս սեղմ ժամկետում և պատշաճ որակով բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքներն ավարտելու և բնակարանների հանձնման-ընդունման գործընթացն իրականացնելու ուղղությամբ, ինչի վերաբերյալ շինարարական կազմակերպությանը տրվել են խիստ հանձնարարականներ:
Հայցում ենք ծրագրի շահառուների ներողամտությունը պատճառված անհարմարության համար:
«ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ»
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ