Կառուցված բնակարանները սպասարկման ցանցերին միացնելու վճարները կատարելու է ԵՊՀ Շրջանավարտների միավորումը

Հարգելի շահառուներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2013թ. նոյեմբերի 5-ից մեկնարկելու է Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեում կառուցվող շենքի բնակարանների հանձնման-ընդունման գործընթացը:

Նախապես յուրաքանչյուր շահառու անհատապես կծանուցվի իր բնակարանն ընդունելու օրվա և ժամի մասին: Նշանակված օրը և ժամին բնակարանի շահառուն, մեր և շինարարական կազմակերպության ներկայացուցիչները կայցելեն կառուցված բնակարան, կստուգեն բնակարանում շահառուի կողմից նախապես արձանագրված թերությունները վերացված լինելու փաստը, որից հետո մեր կազմակերպության և շահառուի միջև կստորագրվի բնակարանի հանձնման-ընդունման ակտ և բնակարանի բանալիները կհանձնվեն նրան:

Բնակարանի հանձնման-ընդունման ակտը ստորագրելուց հետո, մինչև 2013թ. դեկտեմբերի 1-ը շահառուն պարտավոր է վճարել բնակարանի ընդհանուր արժեքի չվճարված մասնաբաժինը (ըստ բնակարանի փաստացի մակերեսի), որից հետո մեր կազմակերպության և շահառուի միջև կկնքվի բնակարանի առուվաճառքի հիմնական պայմանագիր:

Այնուհետև պետական գրանցում կատարելու համար կնքված պայմանագրի մեկ օրինակը երեսունօրյա ժամկետում շահառուն պետք է ներկայացնի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանում և ստանա իր բնակարանի սեփականության իրավունքի գրանցման վկայականը:

Միաժամանակ հայտնում ենք, որ հաշվի առնելով կապալառու շինարարական կազմակերպության կողմից շենքի կառուցապատման ավարտի ժամկետն ուշացնելու արդյունքում մեր ծրագրի շահառուներին պատճառված անհարմարությունը (հանձնման ժամկետային ուշացում), ԵՊՀ շրջանավարտների միավորումն իր վրա է վերցնում կառուցված բնակարանները սպասարկման ցանցերին միացնելու ծախսերի կատարումը՝ շահառուների փոխարեն վճարելով բնակարանները էլեկտրամատակարարման ցանցին միացման, հաշվառքի սարքերի տեղադրման (այն շահառուները, ովքեր կատարել են էլեկտրամատակարարման միացման վճարը նրանց վճարումները կհաշվարկվեն որպես բնակարանի համար կատարված կանխավճար), բնակարանների ներքին գազամատակարարման ցանցերի մոնտաժման, ջրաչափական սարքերի տեղադրման և ջրամատակարարման ցանցին միացման համար նախատեսված ծախսերը:

Բացի այդ, բնակարաններն առավել հարմարավետ դարձնելու նպատակով, հավելյալ կարգով իրականացվելու է բնակարանների անհատական տեսաձայնային (դոմաֆոնային) համակարգի տեղադրում, Ucom կամ Euro Cable հեռուստատեսային, հեռախոսային և ինտերնետային մալուխների մոնտաժում, շենքի բակում կառուցվելու է մանկական խաղահրապարակ և այն կահավորելու է ժամանակակից կարուսելներով ու նստարաններով, որոնց համար նախատեսված ծախսերը նույնպես իրականացվելու են միավորման ֆինանսական միջոցների հաշվին:

Հուսով ենք, որ այս սոցիալական ծրագրի իրականացման ընթացքում շինարարական կազմակերպության գործունեության հետևանքով առաջացած որոշակի խնդիրները չեն խաթարի մեր միավորման և շահառուների միջև ձևավորված փոխընկալման, փոխվստահության և համագործակցության մթնոլորտը: