Կնքվեց համագործակցության հուշագիր

Այսօր «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության եւ «Արարատբանկ» ԲԲԸ-ի միջեւ ստորագրվեց համագործակցության հուշագիր:

Համաձայն հուշագրի` «ԵՊՀ շրջանավարտների միավորման» կողմից իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շահառուներին մատչելի պայմաններով հիփոթեքային վարկավորում կտրամադրվի:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Քարամյանի խոսքերով՝ ծրագրի շրջանակում Ծարավ աղբյուրի 55/17 եւ 55/20 հասցեներում կառուցվում է ժամանակակից ճարտարապետական լուծումներով բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիր, որի բնակարանները շուկայականից գրեթե կրկնակի չափով ցածր գներով տրամադրվելու են երիտասարդ մասնագետներին:

Համալիրը շահագործման է հանձնվելու 2015 թվականի օգոստոսի 1-ին, ունենալու է յոթ մասնաշենք, ընդհանուր առմամբ՝ 490 բնակարան: Բնակարանները շահառուներին հանձնվելու են ամբողջությամբ վերանորոգված վիճակում: «Համալիրը երիտասարդ մասնագետների համար շատ հարմարավետ է լինելու, լավագույն շինարարական մտահաղացումներով ու ճարտարապետական լուծումներով լի: Այս ծրագրով մենք Ավան համայնքում կավարտենք դեռեւս 2008 թվականից մեկնարկած սոցիալական շինարարության շղթան, որի միջոցով շուրջ 2000 բնակարան հանձնած կլինենք մեր շահառուներին»,- նշեց Արսեն Քարամյանը:

«Արարատբանկ» ԲԲԸ-ի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանն էլ հավելեց, որ շահառուներին բանկի կողմից հիփոթեքային վարկերը տրամադրվելու են ՀՀ դրամով, մինչեւ 20 տարի մարման ժամկետով, 10 տոկոս տարեկան տոկոսադրույքով եւ կառուցվող բնակարանների գրավադրմամբ: Տրամադրվող վարկերը վերաֆինանսավորվելու են ՀՀ Կենտրոնական բանկի «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորող վարկային կազմակերպության կողմից:

Հավելենք, որ բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքը լինելու է մոնոլիտ-երկաթբետոնյա: Այն ունենալու է 14 բնակելի հարկ` երկու, երեք եւ չորսսենյականոց բնակարաններով, ինչպես նաեւ ստորգետնյա ավտոկայանատեղիներ` նախատեսված 116 ավտոմեքենաների կայանման համար: Յուրաքանչյուր մուտքում լինելու է 2 վերելակ:

Շենքի հարակից տարածքն ամբողջությամբ բարեկարգվելու է, նորացվելու են կոմունիկացիոն համակարգերը, կառուցվելու են մանկական խաղահրապարակներ, կանաչապատ հանգստի գոտիներ եւ ծառուղիներ: Տարածքն ունենալու է ժամանակակից արտաքին լուսավորություն: Բնակարանաշինական ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 10.5 մլրդ ՀՀ դրամ: Ծրագրի իրականացման ընթացքում կստեղծվեն ավելի քան 900 աշխատատեղեր: