«Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին և մարզիկներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի մի խումբ շահառուների նախաձեռնությամբ, 2014թ. մարտի 24-ին կայացավ հանդիպում «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Ա. Քարամյանի հետ:
Հանդիպման ընթացքում շահառուներն Ա. Քարամյանին փոխանցել են դիմում, որով խնդրել են ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/8 և 55/11 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքերի բնակարանների ներտնային գազիֆիկացումն իրականացնել կենտրոնացված կարգով: Հարցի համակողմանի քննարկման արդյունքում Ա. Քարամյանը խոստացավ նշված խնդրի լուծման նպատակով դիմել «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ին: Ի պատասխան մեր դիմումի «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի մեր գործընկերները խոստացել են հնարավորինս սեղմ ժամկետում հաշվարկել և մեզ տրամադրել յուրաքանչյուր բնակարանի ներտնային գազիֆիկացման համար սահմանված վճարի չափը, որը ստանալուց անմիջապես հետո կհրապարակենք մեր կայքէջում:
Առաջիկայում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից կտրամադրվի նաև կառուցվող բազմաբնակարան շենքերի յուրաքանչյուր բնակարանը էլեկտրամատակարարման ընդհանուր ցանցին միացնելու վճարի չափը, ինչը նույնպես կհրապարակենք մեր կայքէջում:
Ի դեպ, կառուցվող շենքերի էլեկտրամատակարարումն անխափան ապահովելու նպատակով, ԵՊՀ շրջանավարտների միավորումը պարտավորություն է ստանձնել իր ֆինանսական միջոցների հաշվին կառուցել ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ նոր էլելկտրական ենթակայան: Այս պահին ավարտին են մոտենում ենթակայանի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման գործընթացը, որին անմիջապես կհաջորդի ենթակայանի կառուցման և վերազինման աշխատանքների կատարումը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ կառուցվող շենքերի բնակարանների ջրաչափական սարքերի ձեռքբերումը, դրանց ստուգաչափման և մոնտաժման աշխատանքների ֆինանսավորումը նույնպես կատարվելու է ԵՊՀ շրջանավարտների միավորման միջոցների հաշվին: