Տեղեկացնում ենք Ձեզ, որ ըստ նախապես հրապարակված ժամանակացույցով սահմանված հերթականության՝ 2014թ. հունիսի 2-ից ԵՊՀ շրջանավարտների միավորումը նախատեսում է սկսել «Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին և մարզիկներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/8 և 55/11 հասցեներում կառուցված բազմաբնակարան շենքերի բնակարանների հանձնման գործընթացը (բնակարանների հանձնման օրվա և ժամի մասին յուրաքանչյուր շահառու անհատապես կծանուցվի):
Սակայն, շենքերի ավարտական փաստաթղթերի ձևակերպմանը խոչընդոտում է մի խումբ շահառուների կողմից էլեկտրամատակարարման ցանցին միացման վճարը չվճարելու հանգամանքը:
2014թ. մայիսի 15-ի դրությամբ նշված վճարումը կատարել են ծրագրի թվով 193 շահառուներ (շենքում կան 338 բնակարաններ և 10 հասարակական տարածքներ): Միացման վճարը չվճարելու պատճառով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հրաժարվում է կատարել բազմաբնակարան շենքը էլեկտրասնուցման ցանցին միացնելու և էլեկտրական մալուխների արտաքին ցանցերը մոնտաժելու աշխատանքները, ինչը շինարարական կազմակերպությանը հնարավորություն չի տալիս կատարելու շենքի հարակից տարածքների բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքները:
Իսկ շենքի կառուցապատումն ամբողջությամբ չավարտելը (ներառյալ՝ արտաքին ինժեներական ցանցերի մոնտաժումը և տարածքի բարեկարգումը), ինքնին բացառում է պատկան մարմինների կողմից շենքի ավարտական փաստաթղթերի ձևակերպումը և ավարտական ակտի ու շահագործման թույլտվության տրամադրումը:
Վերոհիշյալը հաշվի առնելով, վճարումներ չկատարած շահառուներին, կրկին անգամ հորդորում ենք ծրագրի բնականոն ընթացքը չխաթարելու նպատակով մինչև 2014թ. մայիսի 22-ը, էլեկտրամատակարարման ցանցի միացման վճարը վճարել ԵՊՀ շրջանավարտների միավորման «Արարատբանկ» ԲԲԸ, Հ/Հ 1510008371390100 հաշվեհամարին՝ նշելով բնակարանի համարը և շահառուի անուն, ազգանունը:
Հակառակ դեպքում, Միավորումը հարկադրված է լինելու միացման վճարները չկատարած շահառուների բնակարանների հանձնումը տարաժամկետել՝ մինչև նրանց կողմից նշված պարտավորության ամբողջական կատարումը:
Շահառուների կողմից վճարված գումարները Միավորումը կենտրոնացված կարգով պետք է փոխանցի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին, որպեսզի վերջինս հնարավորինս սեղմ ժամկետում ձեռնամուխ լինի Էլեկտրամատակարարման միացման աշխատանքների կատարմանը: Նշված աշխատանքներն ավարտելուց հետո ընկերության կողմից կտրամադրվի վերջնական հաշվարկ, որից հետո կկատարվի շահառուների կողմից վճարված գումարի վերջնահաշվարկ (թերավճարի դեպքում տարբերությունը կգանձվի շահառուից, գերավճարի դեպքում տարբերությունը ետ կվերադարձվի շահառուին):