Այսօր Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/8 եւ 55/11 հասցեների բազմաբնակարան բնակելի համալիրների բացման պաշտոնական արարողությունն էր:
«Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին եւ մարզիկներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում կառուցված բնակարանների բացման պաշտոնական արարողությունը երիտասարդ ընտանիքների համար գեղեցիկ տոնի էր վերածվել:
Տոնական արարողությունն իրենց ներկայությամբ պատվել էին ՀՀ նախագահ, «ԵՊՀ շրջանավարտների միավորման» հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ այլք:
Բացման հանդիսավոր արարողությունն ուղեկցվեց հայրենասիրական երգերի կատարումներով, հումորային դրվագներով: Ներկաներին ողջունելու էին եկել երգիչ Ռուբեն Մաթեւոսյանը, երգչուհի Ռուզան Ավետիքյանը, Սոֆի Դեւոյանի «Պարի եւ հոգու թատրոն»-ի սաները եւ ուրիշներ:
Երիտասարդ լրագրող Լիաննա Եղիազարյանը եկել էր շենքերի բացման պաշտոնական արարողությունը ոչ միայն Հանրային ռադիոյի համար լուսաբանելու, այլեւ իր առաջին բնակարանամուտը տոնելու:
«Որպես շահառու կարող եմ ասել, որ բնակարանները եթե ոչ կատարյալ, ապա մոտ են կատարյալին,- ասում է Լիաննան եւ հավելում, որ նորակառույց շենքն ունիկալ է,- քաղաքակիրթ թաղամաս է ձեւավորվում, շատ գոհ եւ հպարտ եմ այն լրագրողական հանրությամբ, որը կենտրոնացել է այստեղ: Կարծում եմ, որ սա քաղաքի լավագույն թաղամասերից մեկն է դառնալու` իր հրաշալի ավանդույթներով: Անհամբեր սպասում եմ նոր բնակարան տեղափոխվելուն, քանի որ այժմ վարձով եմ բնակվում»:
«Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին եւ մարզիկներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագիրը մեկնարկել է դեռեւս 2012 թ-ի ապրիլի 1-ին:
Այն իրականացնում է «Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը` Հայաստանի Հանրապետության նախագահ, վերոնշյալ միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Ծրագրի շրջանակում ժամանակակից ճարտարապետական լուծումներով կառուցվել է բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիր, որի բնակարանները շուկայականից անհամեմատ ցածր գներով տրամադրվել են Հայաստանի Հանրապետության երիտասարդ լրագրողներին, մանկավարժներին, բժիշկներին եւ միջազգային մրցաշարերում հաղթանակած ու ՀՀ մարզական պատիվը բարձր պահած մարզիկներին:
Ի դեպ, այսօր շահագործման հանձնվեց երբեւէ կառուցված ամենամեծ բնակելի համալիրը` բաղկացած 338 բնակարանից, 120 ավտոկայանատեղիից եւ 10 հասարակական սպասարկման տարածքից: Մեկ քառակուսի մետրը շահառուհի համար արժեցել է 185000 դրամ:
«Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը նշեց, որ բացի մատչելի գնառաջարկից` շահառուներին առաջարկվում է նաեւ մատչելի հիփոթեքային վարկավորում` 20 տարի ժամկետով, առավելագույնը 9 տոկոս տոկոսադրույքով եւ 20 տոկոս կանխավճարով. «Մենք ստանում ենք բավականին լավ արդյունք, համենայն դեպս այն գոհացնում է շահառուներին»:
Ի դեպ, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը մինչեւ հոկտեմբերի 30-ն իր վրա է վերցնում շահառուների սպառած էլեկտրաէներգիայի վճարման ծախսերը:
Ծրագրի շարունակականությունն էլ, ըստ պարոն Քարամյանի, կախված է շահառուների պահանջարկից. «Եթե կլինի պահանջարկ, ապա մենք ՀՀ նախագահի կողմից ցուցում ունենք բավարարելու ամբողջական պահանջարկը»:
Շենքերի հարակից տարածքում առաջիկա մեկ տարվա ընթացքում կառուցվելու են քոլեջ-նախակրթարան եւ 5000-6000 քմ մակերեսով քաղաքային նշանակության պուրակ:
Այժմ Ավան 3 համալիրի հարակից տարածքում ընթանում են Ավան 4 համալիրի շինարարական աշխատանքները, որոնք ավարտվելու են 14 ամիս անց:
Ավան 4-ը նախատեսված է հեռահաղորդակցության, տեղեկատվական եւ բանկային ոլորտների երիտասարդ մասնագետների համար:
Նշենք նաեւ, որ Զեյթուն համայնքում էլ լայն թափով իրականացվում են երիտասարդ գիտնականների, ստեղծագործական միությունների անդամների, արվեստագետների համար նախատեսված համալիրի շինարարական աշխատանքները: Համալիրը բաղկացած է 292 բնակարաններից եւ նախատեսվում է շահագործման հանձնել առաջիկա 6 ամիսների ընթացքում: