Հարգելի «Ավան 3-ի» բնակիչներ, Հայտնում ենք Ձեզ, որ ներկայումս «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ինտենսիվորեն իրականացվում են Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/8 և 55/11 հասցեներում կառուցված շենքերի հիմնական էլեկտրամատակարարման ապահովման, էլեկտրական հաշվիչների տեղադրման և բարձրավոլտ էլեկտրական մալուխների մոնտաժման աշխատանքները:
Նշված աշխատանքները պետք է ավարտվեին մինչև 2014թ. նոյեմբերի 10-ը, սակայն ընկերության կողմից ներկայացված պատճառաբանության համաձայն՝ նշված աշխատանքների ավարտի հետ կապված ուշացումներն արդյունք են շենքի միացման վճարի ուշ վճարման: Գաղտնիք չէ, որ շենքի մի խումբ բնակիչներ էլեկտրամատակարարման ցանցին միացման վճարները կատարել են բավականին ուշ, որից հետո միայն հավաքագրված գումարները միավորման կողմից փոխանցվել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին:
Վերջին ժամանակներում շենքերի էլեկտրամատակարարումը պարբերաբար անջատվում է, ինչի կապակցությամբ մեր կողմից կատարված ուսումնասիրությունները փաստում են, որ շենքում բնակվող բնակիչների գերակշռող մեծամասնությունը, օգտվելով էլեկտրաէներգիայի վճարը սեփական ֆինանսական միջոցներով չվճարվելու հանգամանքից, բնակարանները տաքացնում են էլեկտրական սալիկների միջոցով, ինչի պատճառով առաջանում է ժամանակավոր էլեկտրասնուցող ենթակայանի գերբեռնվածություն, որն էլ բերում է էլեկտրամատակարարման պարբերաբար անջատումների: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն կան բնակիչներ, ովքեր նույնիսկ չեն բնակվում, սակայն օգտվելով ընձեռնված հնարավորությունից իրենց բնակարաններում շուրջօրյա միացնում են մինչև 4-5 էլեկտրական սալիկներ: Այդ մասին է վկայում նաև շենքի որոշ բնակիչների կողմից գազի օգտագործման ամսեկան աննշան ծավալները:
Բնակիչների կողմից էլեկտրաէներգիայի անխնա և անտնտեսվար օգտագործումը ոչ միայն հսկայական ֆինանսական ծախսեր է առաջացնում ԵՊՀ շրջանավարտների միավորման համար, այլև վտանգի տակ է դնում ժամանակակվոր էլեկտրասնուցող համակարգի անվտանգությունը: Նման կերպ շարունակվելու դեպքում մեծ է վտանգը, որ էլեկտրասնուցող համակարգը կխափանվի և շենքերի էլեկտրամատակարարումը կդադարեցվի:
Նման անցանկալի հետևանքներից խուսափելու նպատակով հորդորում ենք, մինչև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից շենքերի մշտական էլեկտրամատակարարարման ապահովումը և բնակիչների հետ բաժանորդային պայմանագրերի կնքումը ձեռնպահ մնալ էլեկտրաէներգիան ջեռուցման նպատակով օգտագործումից:
Հակառակ դեպքում բոլոր անցանկալի հետևանքների առաջացման պատասխանատվությունն ընկնելու է բնակիչների վրա: