Մեկնարկում է նոր բնակարանաշինական ծրագիր

«Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը, Հայաստանի Հանրապետության Նախագահ, Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո նախատեսում է իրականացնել «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագիրը:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն շրջանի Պարույր Սևակի 8/2 հասցեում (երիտասարդ գիտնականների համար կառուցված շենքերի հարևանությամբ) կառուցել ժամանակակից ճարտարապետական լուծումներով բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիր, որի բնակարանները շուկայականից անհամեմատ ցածր գներով տրամադրվելու են Հայաստանի Հանրապետության երիտասարդ մասնագետներին:

Բնակելի համալիրն ունենալու է մեկ (48.2 քմ. մակերեսով), երկու (80.1 քմ. մակերեսով), երեք (106.5 և 112.1 քմ. մակերեսով), չորս (140.5 քմ. մակերեսով) և հինգսենյականոց (190.5 քմ. մակերեսով) թվով՝ 126 բնակարաններ:

Բնակելի համալիրի շինարարությունը մեկնարկելու է 2015թ. ապրիլի 5-ին և նախատեսվում է ավարտել 2017թ. նոյեմբեր ամսին: Բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքը լինելու է մոնոլիտ-երկաթբետոնյա: Այն ունենալու է 14 բնակելի հարկ, ինչպես նաև ստորգետնյա ավտոկայանատեղեր: Բնակելի համալիրն ունենալու է ժամանակակից արտաքին լուսավորություն, իսկ շենքի հարակից տարածքն ամբողջությամբ բարեկարգվելու է, նորացվելու են կոմունիկացիոն համակարգերը, կառուցվելու են մանկական խաղահրապարակներ և կանաչապատ հանգստի գոտիներ:

Բնակելի համալիրի առաջին հարկն օգտագործվելու է հասարակական սպասարկման նպատակով (առևտրի, կենցաղ-սպասարկման կենտրոններ և այլն):

Բնակարանները շահառուներին հանձնվելու են ներքին հարդարման երկու տարբերակով.

ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՎԵՐՈՆՈՐՈԳՎԱԾ՝ 1քմ.-ի արժեքը՝ 270000 ՀՀ դրամ, որի նկարագիրը հետևյալն է`
— բնակարանի հատակը` լամինատե,
— սանհանգույցը սալիկապատված է,
— բնակարանի ներքին բաժանումներն իրականացվում են բնակելի շինության ճարտարապետական գլխավոր նախագծի համաձայն,
— բնակարանի կոսմետիկ հարդարումը կատարվում է Վաճառողի կողմից առաջարկվող տարբերակներից՝ Գնորդի ընտրությամբ
— մուտքի դուռը` երկաթյա, ներբնակարանային դռների տեսակը` ՄԴՖ (ըստ շահառուի ընտրության),
— պատուհանները` մետաղապլաստ (շագանակագույն),
— էլեկտրականության մոնտաժն իրականացվում է բնակելի շինության էլեկտրամատակարարման աշխատանքային նախագծի համաձայն,
— էլեկտրական հանգույցները` տեղադրված,
— ջեռուցման համակարգի մոնտաժը` կատարված` առանց սարքավորումների,
— շենքը` գազիֆիկացված:

ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ՝ 1քմ.-ի արժեքը՝ 250000 ՀՀ դրամ, որի նկարագիրը հետևյալն է`
— բնակարանի հատակը` ցեմենտավազե սվաղ, պատերը՝ գաջապատված,
— սանհանգույցը՝ ցեմենտավազե սվաղ,
— բնակարանի ներքին բաժանումներն իրականացվում են բնակելի շինության ճարտարապետական գլխավոր նախագծի համաձայն,
— մուտքի դուռը` երկաթյա,
— պատուհանները` մետաղապլաստ (շագանակագույն),
— էլեկտրականության մոնտաժն իրականացվում է բնակելի շինության էլեկտրամատակարարման աշխատանքային նախագծի համաձայն,
— ջեռուցման համակարգի մոնտաժը` կատարված` առանց սարքավորումների,
— շենքը` գազիֆիկացված:

Ձեռքբերվող բնակարանի արժեքի վճարման համար առաջարկվում են հետևյալ տարբերակները.

1. ԲՆԱԿԱՐԱՆԻ ԱՐԺԵՔԻ ՎՃԱՐՈՒՄԸ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ
Բնակարանի արժեքի վճարումը հիփոթեքային վարկավորման միջոցով նախընտրելու դեպքում սահմանվում է հետևյալ պայմանները` 30% կանխավճար, մինչև 20 տարի մարման ժամկետ, տարեկան մինչև 12% տոկոսադրույք, անուիտետային մարման գրաֆիկ, ձեռքբերվող և/կամ այլ անշարժ գույքի գրավադրում (վարկավորման տեղեկատվությունը կրում է նախնական բնույթ և ՀՀ կենտրոնական բանկի հետ քննարկումների արդյունքում ենթակա է վերանայման): Շահառուներն կօգտվեն եկամտային հարկի միջոցով վարկի սպասարկման համար վճարվող տոկոսները սուբսիդավորելու՝ օրենքով սահմանված արտոնությունից:

2. ԲՆԱԿԱՐԱՆԻ ԱՐԺԵՔԻ ՎՃԱՐՈՒՄԸ ԿԱՆԽԻԿ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ
Բնակարանի արժեքի կանխիկ վճարման տարբերակը նախընտրելու դեպքում սահմանվում է շահառուի կողմից ձեռքբերվող բնակարանի արժեքի վճարման հետևյալ կարգը.
— նախնական վճարում` բնակարանի ամրագրումից հետո 10 օրվա ընթացքում` բնակարանի արժեքի 30 տոկոսի չափով,
— առաջին միջանկյալ վճարում` բնակարանի առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո 8 ամսվա ընթացքում` բնակարանի արժեքի 40 տոկոսի չափով,
— երկրորդ միջանկյալ վճարում` բնակարանի առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո 16 ամսվա ընթացքում` բնակարանի արժեքի 20 տոկոսի չափով,
— վերջնական վճարում` բնակարանի հանձնման-ընդունման ակտը ստորագրելու մասին ծանուցում ստանալուց հետո 7 օրացուցային օրվա ընթացքում` բնակարանի արժեքի 10 տոկոսի չափով:

Ծրագրի հնարավոր շահառուներ կարող են դառնալ մինչև 45 տարեկան, առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող, բնակարանի կարիքավոր (Երևան քաղաքում բնակարան չունեցող կամ բնակարանային պայմանների բարելավման հրատապ անհրաժեշտություն ունեցող) Հայաստանի Հանրապետության բանկերում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություններում, հեռահաղորդակցության օպերատորական կազմակերպություններում աշխատող մասնագետները, պետական և համայնքային ծառայողները, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների երիտասարդ գիտաշխատողները և դասախոսները, երիտասարդ բժիշկները, արվեստագետները, գիտնականները, լրագրողները, մանկավարժները (նախադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական հաստատությունների):

Ծրագրի հնարավոր շահառուների խմբում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը. 
— ծրագրի մասնակցության հայտ` (լրացվում է տեղում),
— դիմումատուի անձնագրի պատճենը,
— դիպլոմի պատճենը,

— տեղեկանք ընտանիքի կազմի վերաբերյալ,
— տեղեկանք աշխատավայրից` դիմումատուի զբաղեցրած պաշտոնի և աշխատանքային ստաժի վերաբերյալ,
— տեղեկանք ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական կենտրոնից (ք. Երևան, Կոմիտասի պող. 35/2) Հայաստանի Հանրապետության տարածքում դիմումատուին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վերաբերյալ,

Ծրագրի շահառուների ընտրությունը, ինչպես նաև հրապարակային վիճակահանության միջոցով բնակարանների բաշխումն իրականացվում է Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման կողմից: Միավորման կողմից չեն քննարկվելու ծրագրի պահանջներին չհամապատասխանող թեկնածուների ներկայացրած փաստաթղթային փաթեթները:

Ծրագրին մասնակցելու դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպություն (ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, 604 սենյակ) Ալյոնա Վարդանյանին (060710081) յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10.00-15.00: