Հարգելի շահառուներ,
Ավարտին է մոտենում «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միություների անդամներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Պարույր Սևակի 8 և 8/1 հասցեներում կառուցվող շենքերի շինարարությունը:
Չնայած վերջին տարիների ընթացքում ֆինանսական շուկայում առաջացած կտրուկ վայրիվերումներին (արտարժույթի շուկայում ձևավորված ֆորս-մաժորային իրավիճակներին) և շինարարության ոլորտում արձանագրված ավելի քան 28 տոկոս գնաճին, ԵՊՀ շրջանավարտների միավորումը ջանքեր և միջոցներ չխնայեց շենքերի շինարարությունը ավարտին հասցնելու և առանց վաճառքի գնի վերահաշվարկ կատարելու բնակարանները՝ որակյալ և սահմանված նկարագրով շահառուներին հանձնելու ուղղությամբ:
Մինչդեռ մի խումբ շահառուներ, այդպես էլ չդրսևորեցին պատասխանատու վարքագիծ և շարունակում են չկատարել առուվաճառքի նախնական պայմանագրով սահմանված վճարման պարտավորությունները:
Նկատի ունենալով այն, որ մի կողմից՝ կառուցվող բազմաբնակարան շենքերի բյուջեն դեֆիցիտային է (կապված «Գլենդել Հիլզ» և «Մոդըրն Բիլդինգս» ընկերությունների կողմից շինարարական աշխատանքների ժամկետներն անհարկի ձգձգելու և նախագծա-նախահաշվային փաստաթղթերը ոչ պատշաճ և թերի կազմելու հետ), իսկ մյուս կողմից՝ շահառուների կողմից պայմանագրային ֆինանսական պարտավորությունների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը վտանգում է ծրագրի բարեհաջող ավարտը, ԵՊՀ շրջանավարտների միավորումը վերջին անգամ հորդորում է բոլոր այն շահառուներին, ովքեր ունեն որևէ չափի չկատարված ֆինանսական պարտավորություններ, մինչև 2015թ. մարտի 16-ը ներառյալ, կատարել դրանք:
Հակառակ դեպքում, 2015թ. մարտի 17-ին Միավորումը միակողմանիորեն առոչինչ է ճանաչելու այդ շահառուների հետ կնքված բնակարանի առուվաճառքի նախնական պայմանագրերը և բնակարանի արժեքն ամբողջական վճարման պայմանով հատկացնելու է բնակարանի կարիքավորների հերթացուցակում ընդգրկված մյուս անձանց:
Միաժամանակ, շենքի շինարարությունը սահմանված ժամկետներում ավարտելու և հավելյալ տարաժամկետումներ չառաջացնելու նպատակով, խնդրում ենք. այն շահառուներին, որոնց մնացել է վճարելու բնակարանի արժեքի վերջին մասնաբաժինը, ըստ հնարավորության, ամբողջությամբ կամ մասնակիորեն կատարել դրանք: Բնակարանի վերջնական չափագրումից հետո, տվյալ բնակարանի մասով գերավճար առաջանալու դեպքում, այն անմիջապես հետ կփոխանցվի շահառուի բանկային հաշվեհամարին: