Հայտարարություն

Հարգելի՛ շահառուներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ ԵՊՀ շրջանավարտների միավորումն ավարտել է Երևան քաղաքի Պարույր Սևակի 8 և 8/1 հասցեներում կառուցված շենքերի բնակարանները շահառուներին հանձնելու գործընթացը: Սակայն շենքերի բակային տարածքների բարեկարգումը, շահագործման փաստագրման ակտի ստորագրումը և շահառուների հետ առուվաճառքի հիմնական պայմանագրերի կնքումը հետաձգվում է, քանի որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ոչ պատշաճ է կատարում միացման պայմանագրով սահմանված իր պարտականությունները:

ԵՊՀ շրջանավարտների միավորումը դեռևս 2014թ. նոյեմբերի 24-ին կատարել է միացման պայմանագրով սահմանված չափով գումարի վճարումը, սակայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, ներքին ֆինանսատնտեսական խնդիրների պատճառով, անհարկի ձգձգում է շենքի էլեկտրամատակարարման արտաքին ցանցերի մոնտաժման (ինչն իր հերթին անհնարին է դարձնում բակի բարեկարգումը և ասֆալտապատումը) և բազմաբնակարան համալիրները հիմնական էլեկտրամատակարարման համակարգին միացման աշխատանքները: Ներկայումս ինտենսիվ բանակցություններ են ընթանում այդ հարցի կարգավորման ուղղությամբ և հույս ունենք, որ առաջիկա սեղմ ժամկետում նշված հարցը դրական լուծում կստանա:

Նման պայմաններում, ընդառաջելով շահառուների բազմաթիվ խնդրանքներին ԵՊՀ շրջանավարտների միավորումը հայտարարում է, որ 2015թ. հուլիսի 25-ից սկսած, յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին ժամը 11.00-18.00-ն ընկած ժամանակահատվածում շենքերում բնակարանի բանալիները ստացած շահառուների մուտքն ազատ է լինելու: Նշված օրերին նրանք կարող են անարգել այցելել իրենց բնակարաններ և իրականացնել բնակարանների կահավորման աշխատանքներ՝ խստորեն պահպանելով անվտանգության կանոնները: Հատուկ ընդգծում ենք, որ բեռների տեղափոխումը կատարվելու է առանց վերելակների (առաջիկա երկու շաբաթվա ընթացքում հիմնական (կայուն) էլեկտրամատակարարում ապահովվելու դեպքում առաջնահերթ կմիացվեն վերելակները), հետևաբար խնդրում ենք դրանց տեղափոխման ընթացքում չվնասել ընդհանուր օգտագործման տարածքները, քանի որ վնասված հատվածները նորից չեն հարդարվելու:

Հարկ ենք համարում կրկին անգամ հիշեցնել, որ անհրաժեշտ է «Համատիրության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ստեղծել համատիրություն, ընտրել նախագահ, կատարել համատիրության պետական գրանցում, սահմանել շենքի սպասարկման վճարաչափերը, որպեսզի շահագործման ակտի ստորագրումից անմիջապես հետո հնարավոր լինի պատշաճ կարգով իրականացնել «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» և «Համատիրության մասին» ՀՀ օրենքներով նախատեսված՝ բազմաբնակարան շենքերի շահագործման և սպասարկման բոլոր գործառույթները, այդ թվում ընդհանուր օգտագործման տարածքների լուսավորության ապահովումը և վերելակների շահագործումը:

ԵՊՀ շրջանավարտների միավորումը հայցում է Ձեր ներողամտությունն իրենից անկախ հանգամանքների արդյունքում պատճառված անհարմարության համար: