Շահագործման են հանձնվել Երեւանի Պարույր Սեւակի 8 եւ 8/1 հասցեներում կառուցված բազմաբնակարան բնակելի համալիրները:
«Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին եւ ստեղծագործական միությունների անդամներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շահառուներն այսօր ուրախանալու ու երջանիկ զգալու առիթ ունեին. շահագործման էին հանձնվում մայրաքաղաք Երեւանի Պարույր Սեւակի 8 եւ 8/1 հասցեներում կառուցված բազմաբնակարան բնակելի 2 համալիրները: «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի ջանքերով եւ ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո իրականացվող ծրագրի շրջանակում բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիրներում շուրջ 300, իսկ ավելի ստույգ` 291 բնակարանները շուկայականից բավականին ցածր գներով տրամադրվեցին երիտասարդ գիտնականներին եւ Հայաստանի ստեղծագործական միությունների անդամներին, ովքեր սեփական անշարժ գույքն ունենալու անհրաժեշտություն ունեին:
«291 ընտանիք այսօր բնակարանամուտ է տոնում, ինչը, անշուշտ, մի ուրախալի եւ կարեւոր իրադարձություն է ցանկացած ընտանիքի համար: Վստահ եմ` այն կհիշվի ամբողջ կյանքում: Ծրագիրը, որը շարունակական է եւ դեռ իրականացվելու է մինչեւ 2018 թ.-ը, նախատեսում է մատչելի բնակարանների նոր խմբաքանակի տրամադրում նաեւ 2016 եւ 2017 թթ.-ին»,- ասաց «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը` հավելելով, որ արդեն հետաքրքիր ավանդույթ է դարձել գրեթե ամեն տարի՝ աշնան սկզբին, ՀԿ-ի ծրագրերի շրջանակներում երիտասարդ ընտանիքներին հանձնել մատչելի բնակարաններ, որոնք ամբողջությամբ վերանորոգված են, ունեն անհրաժեշտ ամեն հարմարություն` ավտոկայանատեղի, խաղահրապարակ, կոմունալ հարմարություններ:
Ըստ Արսեն Քարամյանի` երիտասարդ գիտնականներին եւ Հայաստանի ստեղծագործական միությունների անդամներին հանձնված բնակարանները շուկայական գնից գրեթե կրկնակի մատչելի են. բնակելի 1 քմ-ը շուրջ 185 000 ՀՀ դրամ է. «Գրեթե ինքնարժեք է գալիս»: Երեւանում երիտասարդ ընտանիքների համար բնակարանային ապահովության սոցիալական ծրագիր իրականացնող «ԵՊՀ շրջանավարտների միավորման» նախագահը ցավով փաստեց նաեւ, որ ծրագիրը չի ներառում Հայաստանի մարզերը:
Բազմաբնակարան 2 համալիրների շահառուներին շնորհավորելու էր եկել ՀՀ նախագահ, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա գլխավորած պատվիրակության կազմում էին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը եւ այլք:
ՀՀ նախագահը մասնակցեց բնակարանամուտի առթիվ բակում կազմակերպված տոնակատարությանը, ապա դիտարկեց իրականացված մեծ աշխատանքը` այցելելով բազմաբնակարան համալիրի մի քանի բնակարաններ:
«Պետության հզորության հենքը երիտասարդներն են, այնպես որ՝ կարեւոր եմ համարում այս տեսակ ծրագրերը: Վերջին անգամ ՀՀ ԳԱԱ աշխատակիցները բնակարանամուտ էին տոնել շուրջ 40 տարի առաջ. իսկապես անգնահատելի է երիտասարդ ընտանիքներին օժանդակող այս ծրագիրը: Ընդհանրապես սեփական բնակարան ունենալու հարցի լուծումը հնարավորին չափ հեշտացնում է մեր երիտասարդ գիտաշխատողների առօրյան»,- նշեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը` երախտիքի ջերմագին խոսքեր հղելով ՀՀ նախագահին ու այդպիսի ծրագիր իրականացնողներին:
Դերասան Մխիթար Ավետիսյանը, ով եւս բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շահառու էր դարձել, նշեց, որ բնակարանային հարցի լուծումն իր համար երկար տարիներ գլխացավանքի առարկա էր. «Ուրախ եմ, որ ես եւս արդեն բնակարան ունեմ: Ես պատրաստվում եմ ընտանիքիս հետ այստեղ տեղափոխվել հնարավորինս շուտ եւ վայելել այն մաքուր օդն ու հանգստությունը, որ առկա են այս հրաշք բարձունքին: Իսկապես մենք անհամբերությամբ էինք սպասում այս կարեւոր առիթին»:
Մխիթար Ավետիսյանից ոչ պակաս ոգեւորված էր նաեւ երիտասարդ գրականագետ Հայկ Համբարձումյանը: Վերջինս բնակարանամուտի արարողությանը մասնակցում էր կնոջ ու փոքրիկ զավակի հետ. «Հարմարությունները բավականին լավն են: Բնակարանն ամբողջովին վերանորոգված է, շենքի բակն էլ ունի մանկական խաղահրապարակ: Ամեն ինչ կարծես իդեալական է: Մենք երկար ենք սպասել այս իրադարձությանը եւ իսկապես ուրախ ենք»:
Իրենց միությունների երիտասարդ անդամների ոգեւորությամբ ուրախ էին թե՛ ՀՀ գրողների միության եւ թե՛ Ժուռնալիստների միության նախագահները: Ըստ Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանի` պետության ուշադրության կենտրոնում պետք է լինեն հատկապես երիտասարդները, քանի որ նրանք են խթանելու երկրի զարգացումը, նրանք են վաղվա սերնդին կյանք տվողը եւ դաստիարակողը:
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը եւս կարեւորում է ծրագիրը՝ շեշտելով, որ այն երիտասարդ գրողներին հնարավորություն է տվել լուծելու իրենց բնակարանային հարցը. «Ցավոք, միշտ չէ, որ երիտասարդների դեպքում առկա է կայուն ու բարձր աշխատավարձը, այնպես որ՝ Գրողների միության երիտասարդ անդամները նույնպես ունեն ֆինանսական որոշակի դժվարություններ: Մատչելի բնակարան ունենալու հնարավորությունից ինքս էլ կօգտվեի, եթե երիտասարդ լինեի եւ բնակարանային խնդիր ունենայի: Այսօր սա միակ ծրագիրն է, որը սեփական անշարժ գույք ունենալու առումով երիտասարդների համար լավ հնարավորություն է ստեղծում»: